Անհեթեթություն է խոսել բյուջեի էական աճի մասին, ընդ որում՝ այնքան, որ հնարավոր լինի բարձրացնել ոչ թե աշխատավարձերը, այլ առաջին հերթին՝ թոշակները։ Նման բան անելու համար նախ պետք է ամբողջ տնտեսությունը բերել հարկային դաշտ, բայց այդպիսի նպատակ բոլորովին չունեն ներկա իշխանությունները, քանզի կառավարության անդամները մտմտում են սեփական բիզնես հիմնելու ազգային վսեմ առաքելության մասին, և դա բնական է․ այդ իրավունքը նրանց տվել է հասարակության մի ստվար հատվածը, քաղաքացիներ, ովքեր աներկբայորեն հավատում են․․․ և նույն հավատով էլ ապագա խորհրդարան կհասցնեն ավելի արմատական ու գործարար առաքյալների։
Ինչպես նախկին, այնպես էլ ներկա իշխանությունները գիտակցում են, որ ստվերը հարկային դաշտ բերելու հետևանքով գները կբարձրանան՝ հարվածելով իշխանությունների հեղինակությանը։ Եվ այդպես ամեն մի հերթական կառավարություն այդ կարևորագույն խնդիրը թողնում է հաջորդ կառավարությանը՝ բնականաբար, վերածվելով բյուջեն յուրացնող «հայրենասեր» բախտախնդիրների խմբակի։ Գների բարձրացումը բնական երևույթ է։ Դա կապիտալիզմի օրենքն է, տնտեսական համակարգ, որն ընտրեց մեր ժողովուրդը՝ մերժելով նախկին համակարգը, երբ տնտեսության միջոցները ոչ թե սեփական էին, այլ պետական։ Կապիտալիզմի մի շարք երկրներ բարձր գների հիմնահարցը մեղմում են սոցիալական նպատակային քաղաքականությամբ, բայց նրանք գիտակցում են խնդիրը, պետության պարտավորություններն ու պետության պատասխանատվությունը, մի արժանիք, որից զերծ են մեր կառավարությունները։