Հայաստանը Համաշխարհային բանկի գործարարությամբ զբաղվելու դյուրինության (Doing Business) վարկանիշում 41-րդն է նախորդ տարվա 47-րդ տեղի համեմատ: Համաշխարհային բանկի խմբի հրապարակած «Գործարարություն» զեկույցի ցուցանիշները ներկայացնելով՝ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն նշեց, որ Հայաստանի վարկանիշի առաջընթացի հիմնական պատճառները տարբեր բարեփոխումներում արտացոլված գործարարության կարգավորման միջավայրի բարելավումներն են:

«Սահմանագծից հեռավորության ցուցանիշով, որը գնահատվում է երկրի կանոնակարգման արդյունավետության բացարձակ մակարդակի 0-ից 100 սանդղակով, որտեղ 0-ն համապատասխանում է ամենացածր կատարողականին, իսկ 100-ը սահմանագիծն է, Հայաստանի միավորը «Գործարարություն 2019» զեկուցում բարձրացել է 75.37-ի` «Գործարարություն 2018»-ի 73.31-ի դիմաց: Սա նշանակում է, որ Հայաստանն իր գործարար կարգավորումները բարելավել է»,- նշեց նա:

Բոսութղոն տեղեկացրեց, որ «Գործարարություն» զեկույցի եզրահանգմամբ՝ Հայաստանը նշանակալի բարելավումներ է ներդրել հինգ ոլորտներում: Մասնավորապես՝ Հայաստանը ընկերությունների հիմնումը դյուրացրել է` տալով իրավաբանական անձի գրանցման ժամանակ որպես ավելացված արժեքի հարկ վճարող կամավոր հաշվառվելու հնարավորություն: «Հայաստանն էլեկտրականության ստացումն ավելի արագ է դարձրել` էլեկտրականության նոր միացում ապահովելու ընթացակարգերի համար սահմանելով ավելի կարճ ժամանակահատված: Հայաստանն ուժեղացրել է փոքր ներդրողների պաշպանությունը, դյուրացրել է հարկերի վճարումն ու պայմանագրերի կիրարկումը»,- ասաց նա:

Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարի խոսքով` հիմա մեկ օրով ավելի պակաս ժամանակ է պահանջվում Հայաստանում բիզնեսը գրանցելու համար նախորդ տարվա համեմատ: «Այս ցուցանիշով Հայաստանը ութերորդն է դառնում ամբողջ աշխարհում լավագույն կատարողական դրսևորած երկրների թվում»,- հավելեց նա:

Հայաստանը գործարարությամբ զբաղվելու դյուրինության վարկանիշով առաջ է անցել հարևան Թուրքիայից, որը զբաղեցնում է 43 հորիզոնականը, սակայն զիջում է մյուս հարևան Վրաստանին, որը 6-րդն է աղյուսակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել