Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան մամլո ծառայությունից մանրամասներ են հայտնել արքայազն Չարլզի՝ Հայաստան կատարած եռօրյա այցի առաջին օրվա հանդիպումներից: 

 Հաղորդագրության մեջ ասվում է.

 «Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնը երեքշաբթի ժամանեց Երևան՝ իր մասնավոր այցը սկսելով որպես «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր: Զվարթնոց օդանավակայանում արքայազնին դիմավորել է «Երևան, իմ սեր» բարեգործական ծրագրի հիմնադիր Արմեն Սարգսյանը, ում հրավերքով է Հայաստանում գտնվում Ուելսի արքայազնը: Արմեն Սարգսյանն արքայազնին ուղեկցել է Մատենադարան, ուր նրանց դիմավորել է տնօրեն Հրաչյա Թամրազյանը:

Արքայազնը ծանոթացել է Մատենադարանի բացառիկ հավաքածուի կարևորագույն նմուշներին, այդ թվում 13-րդ դարի Աստվածաշնչին: Մատենադարանի կողմից արքայազնին որպես նվեր մատուցվել է Գրիգոր Նարեկացու արծաթապատ «Մատյան ողբերգությունը»: 

Արմեն Սարգսյանն արքայազնին է ներկայացրել «Երևան, իմ սեր» ծրագիրը, որը նման է «Դամֆրիների տուն» ճարտարապետական ժառանգականությանն ուղղված բարեգործական ծրագրին Շոտլանդիայում, որին անձամբ աջակցում է Ուելսի արքայազնը: 

Արմեն Սարգսյանը նշել է, որ Ուելսի արքայազնի օրինակը ոգեշնչել է իրեն աշխատելու Երևանի պատմական վայրերի պահպանման և վերկանգնման ուղղությամբ: Նախկին վարչապետը ներկայացրել է Դիլիջանի միջազգային դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանին, ով ներկայացրել է 150 միլիոն դոլար արժողությամբ ծրագրի մանրամասները: Ռուբեն Վարդանյանը և վերջինիս տիկինը ներկայացրել են Դիլիջանի դպրոցում արքայազնի պատվին 65 ծառ տնկելու նախաձեռնությունը: 

Բնատեսարանի ճարտարապետ լորդ Ռենդլ Սիդդելին ներկայացրել է Հայ այգի հիմնադրելու գաղափարը՝ որպես «Երևան, իմ սեր» ծրագրի բաղկացուցիչ:  

«Երևան, իմ սեր» ծրագրի շրջանակում նախատեսվում է Երևանի Կոնդ համայնքում` Սբ. Հովհաննես եկեղեցու հարևանությանբ վերակառուցել պատմական 3 շենք, որոնք Մոր և Մանկան ապաստան կլինեն անապահով ընտանիքների համար, նաև մսուր առողջական խնդիրներ ունեցող երեխաների համար և համայնքային գործունեության կենտրոն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել