Լուռ խոնարհվել էր վանքը կիսավեր, թվում էր տրտում,
Իր բաժին ընկած ցավ-տառապանքն էր լռությամբ տանում,
Իսկ իրականում հույս ուներ կրկին կյանքի կոչվելու,
Ապրած հրաշքը կրկին շունչ տալու, կրկին ապրելու:
Ու կգա մի օր, կրկին կհառնի կուրծքը ցցելով,
Կկանգնի հպարտ ուխտավորների, բոլորի առաջ,
Կրկին կբացի դուռն իր նախշազարդ ամեն առավոտ
Ու կասի. «Օրհնյալ ի հորե ծագյա արեգակն արդար»:
Ու կրկին Հայր սուրբն` աջը վեր պարզած, խաչ կդրոշմի
Սրտին ամենքի, որ ամենեցուն լինի հաշտություն
Եվ խաղաղություն, որ հետո արդեն բուն պատարագին
Իրար ողջունեն, ցանկանան միմյանց սեր ու բարություն:
Մի փոքրիկ մանուկ այնքան կվազի մարդկանց շարքերում,
Մինչև որ հոգնի, հետո մոր գրկից լուռ կհետևի
Երդիկից ընկած արևի շողին, ապա ձեռքերով
Կփորձի բռնել, կփորձի խաղալ մոմի լույսի հետ:
Իսկ Տեր ողորմեան կստիպի մարդկանց Արարչից հայցել
Ներում, թողություն, կստիպի ապրել երգն այս լալագին,
Կստիպի նաև կարոտել, թախծել, ինքնամաքրվել
Հինը մոռանալ, վերապրել նորը հենց նույն վարկյանին:
Եվ չկար մեկը, որին նա պատմեր, որ հրաշք կապրի,
Երբ հարս ու փեսա երդում տան հավերժ լինել միասին,
Երբ մկրտության ավազանն այդօր մանկանն ընծայի
Բարձրյալ արարչին, որ արժան լինի տիրոջ շնորհին:
Լուռ խոնարհվել էր վանքը կիսավեր, թվում էր տրտում,
Իր բաժին ընկած ցավ-տառապանքն էր լռությամբ տանում,
Իսկ իրականում` հույս ուներ կրկին կյանքի կոչվելու,
Ապրած հրաշքը կրկին ապրելու ու վեր հառնելու:
2012թ.
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.grigoryan.92505
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել