168.am-ը գրում է

Twitter ընկերությունը, որը միկրոբլոգների համանուն ծառայության սեփականատերն է, հայտնել է, որ օգտատերերի թվի նվազում է տեղի ունենում:

Ինչպես հետեւում է ընկերության՝ երրորդ եռամսյակի արդյունքների վերաբերյալ հաշվետվությունից, Twitter-ում գրանցել են հասույթի եւ շահույթի աճ, սակայն սոցցանցի ժողովրդականությունն ընկել է: Twitter-ի ակտիվ օգտատերերի ամսական միջին թիվը մինչեւ 326 մլն է նվազել անցյալ եռամսյակի 335 միլիոնի եւ մեկ տարի առաջվա 330 միլիոնի համեմատությամբ: Այն օգտատերերի թվի աճը, որոնք սոցցանցից օգտվում են ամեն օր, վերջին տարվա ընթացքում կազմել է 9 տոկոս, ինչը նույնպես ցածր է կանխատեսումներից:

Ընդ որում՝ Twitter-ում գրանցվող անձանց ընդհանուր թիվն անփոփոխ աճում է, սակայն նրանցից շատերը հազվադեպ են օգտվում սոցցանցից կամ ընդհանրապես ցանց չեն մտնում: Ուստի ֆինանսական առումով ընկերության համար կարեւոր են միայն ակտիվ օգտատերերը, որոնք ծառայությունից օգտվում են մշտական հիման վրա: Մինչդեռ, նշված ժամանակաշրջանում Twitter-ի ընդհանուր հասույթի աճը կազմել է մոտավորապես 758 մլն դոլար, ինչը 29 տոկոսով ավելի է անցյալ տարվա համապատասխան եռամսյակի տվյալ ցուցանիշից: Իսկ երրորդ եռամսյակի արդյունքներով շահույթը կազմել է 106 մլն դոլար: Ընդ որում՝ մեկ տարի առաջ ընկերությունն ավելի քան 21 մլն դոլարի չափով վնաս էր գրանցել:

Twitter-ի գլխավոր տնօրեն Ջեկ Դորսին տարածված հայտարարության մեջ բարձր է գնահատել անցյալ եռամսյակի արդյունքները՝ ուշադրությունը չկենտրոնացնելով ակտիվ օգտատերերի թվի անկման հետ կապված խնդիրների վրա: Twitter-ը սոցցանց է, որն օգտատերերին թույլ է տալիս համառոտ հաղորդագրություններ փոխանակել, կազմակերպել հարցումներ, հրապարակել տարբեր նկարներ ու տեսահոլովակներ: Ծառայության ստեղծողներն են՝ Ջեկ Դորսին, Նոա Գլասը, Էվան Ուիլյամսը եւ Բիզ Սթոունը:

Twitter-ում առաջին հաղորդագրությունը հրապարակվել Է 2006 թվականի մարտի 21-ին: Ըստ առկա տվյալների, ծառայությունում օրական մոտավորապես 500 միլիոն «թվիթ» է հրապարակվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել