«Թղթակիցներ առանց սահմանի» (Reporters without borders) միջազգային կազմակերպությունն իր կայքում հրապարակել է աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում ԶԼՄ-ների ազատության վերաբերյալ տվյալներ։

Ըստ կազմակերպության տվյալների՝ 2018-ին, անցյալ տարվա հետ համեմատած, Հայաստանի դիրքն իջել է մեկ նիշով, եւ այժմ հանրապետությունը մամուլի ազատության սանդղակով 80-րդ տեղն է զբաղեցնում։

Ինչպես նշվում է կայքում, Հայաստանում տպագիր մամուլը բազմազան է եւ բեւեռացված, հետաքննչական լրագրողությունը զարգանում է Ինտերնետ-ԶԼՄ-ների ոլորտում, սակայն հեռարձակող ԶԼՄ-ների շրջանում բազմակարծությունը դեռեւս հետ է մնում։

«Օրենսդրական նախաձեռնությունները սահմանափակում են լրատվության հասանելիությունը եւ, իջեցնելով հասարակական ինստիտուտների թափանցիկությունը, դառնում են անհանգստության աղբյուր»,- հայտնում է կազմակերպության հաղորդագրությունը։

Ըստ կայքի՝ Հայաստանում լրագրողների հանդեպ ֆիզիկական բռնությունները հիմնականում անպատիժ են մնում։

Կազմակերպության կայքը տեղեկացնում է նաեւ հարեւան երկրների ցուցանիշների մասին։ Վրաստանը ԶԼՄ-ների ազատության սանդղակում 61-րդ տողն է զբաղեցնում, իսկ Ադրբեջանը՝ 163-րդ։

Նույն տեղեկատվության համաձայն, այս տարի ԶԼՄ-ների ազատության մակարդակով առաջին տեղում Նորվեգիան է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել