Հոկտեմբերի 27-ին, Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Միաբանությունը և հայ համայնքը հոգևոր ցնծության օրեր ապրեցին: Սուրբ Աթոռի երեք ուրարակիր տիրացուներ Սրբոց Հակոբյանց Մայր Տաճարի Ավագ խորանին Սարկավագական ձեռնադրության շնորհին արժանացան:
Սրբոց Թարգմանչաց վարդապետների տոնին, պատարագի սկիզբն ազդարարող կոչնակի հարվածների և կոմիտասյան եղանակով «Խորհուրդ խորին» շարականի հետ սկսեց պատարագը ու շարունակվեց մինչև Ճաշու գրքի ընթերցումը:

Ընծայալները, որոնք մինչ այդ հետևում էին արարողություններին, ծնրադրեցին ատյանում և լուռ ու վերացած ունկնդրեցին կրկին երգվող «Ուրախ լեր» շարականը. սա մի վիճակ է, որ լավագույն ձևով կարող է բացատրել իրենց նվիրումի ոգու տարողությունը և եկեղեցու ուրախությունը, մանավանդ, երբ դա իրենցով էր լինում և այդ ուրախությամբ հետագայում իրենք պիտի երջանկանային: Բոլորի ձայների մեջ ուրախության ինչ որ դող կար  ու քաղցր մի սարսուռ՝ նրանց հոգու խորքում: Որովհետև որքան էլ որ ուրախալի է նրանց այդ աստիճան կանխահաս հավանությունը, այնքան և հուզիչ նրանց խանդը՝ իրենց դեռևս նոր զորացող ուսերի վրա առնելու ծանր, բայց քաղցր լուծը Քրիստոսի և Ազգի: Որքան ծանր է այդ լուծը, նույնքան փշոտ՝ ճամփան: Այդ ճամփի դժվարությունը զգացնող առի՞թ է ծունկով խորան բարձրանալու և այնտեղ միայն ուրար ստանալու մեր սրբազան հայրապետների կարգադրությունը: Հավանաբար, բայց եռյակը վճռական էր և իրենց համար այդ դժվարություններն արդեն անծանոթ չէին: Նրանք այդ բոլորը և միանգամայն դրանց դարմանը ստացել են Սուրբ Աթոռի կամարների տակ անցկացրած իրենց յուրաքանչյուր վայրկյանից:

Մեծ իդեալների ճամփան փշոտ է եղել:

Ու ո՞վ պիտի կարենար ժխտել մեծությունը այդ եռյակի՝ տեսնելուց ու զգալուց հետո նրանց անվախ և հոժարակամ ծունկի բարձրանալը դեպի Սուրբ Խորան. ու մանավանդ տեսնելուց հետո իրենց հոգում եղող իդեալի կրակը մատնող նրանց դեմքի արտասվախառը քրտինքը:

Աստիճանները հեշտ հաղթահարելի արգելքներ էին, որոնցից հետո Սուրբ Խորանը՝  իր ճոխությամբ ու քաղցրությամբ, ուր Ձեռնադրիչ Լուսարարապետ Սրբազան Հոր հրավերով գնում էին Քրիստոսի լծից մագնիսացած, որ ամբողջովին գրավել էր իրենց հոգին՝ վաղուց նրանցից վանել էր աշխարհայինը: Բայց ձեռնադրությունից առաջ հարկ էր, որ ժողովրդի առջև ևս կատարվեր այդ ուխտը, ի գիտություն և ի լուր նրանց:

Ահա այդ ուխտը.

«Աստուածային եւ երկնային շնորհ, որ միշտ լնու զպետս սրբոյ սպասաւորութեան առաքելական եկեղեցւոյ, կոչէ զՅովհաննէս, զՅակոբ եւ զՍահակ ի կիսասարկաւագութենէ ի սարկաւագութիւն, սրբոյ եկեղեցւոյ ի սպասաւորութիւն ըստ վկայութեան անձանց իւրեանց եւ ամենայն ժողովրդեանս»:

Արդեն պատրաստ են նրանք ձեռնադրության:

Հասավ նաև այն պահը, երբ ընծայալները ստացան ուրար, որ արդեն իրենց համար քաղցր էր ու թեթև ինչպես բոլոր նրանց, որոնք ինչ որ իդիալի կրակն ունեն իրենց հոգու խորքում:

Ստացան նաև բուրվառ, եկեղեցում խնկարկելու հրաման, որով խունկի անուշ բույրով պիտի լցնեն տաճարը, ապագայում դառնալով  ծխացող կնդրուկներ հայ եկեղեցում:

Ապա Գերաշնորհ Լուսարարապետ՝ Տ. Սևան Արքեպիսկոպոս Ղարիբյան Սրբազան Հայրը փոխանցեց իր խոսքը նորընծա սարկավագներին, աղոթելով, որ նրանց լուծը լինի քաղցր ու թեթև, մաղթելով հաջողություն, կորով և շնորհք, նշելով անշուշտ Աստծու դերը մեր կյանքում:

Անմիջապես, նորընծաներից՝ Բարեշնորհ Հովհաննես սարկավագ Պետրոսյանը, Հակոբ սարկավագ Բաղդասարյանը և Սահակ սարկավագ Դավթյանը վերցրեցին բուրվառը, և լավագույն ու անթերի կերպով կատարեցին իրենց նոր հանձնված պարտականությունը:

Ահա ամփոփ կերպով նկարագրեցինք մի օրվա պատմություն: Սակայն ո՞վ կարող է թարգմանել, ո՞ր գրիչը կարող է նկարագրել այն զգացումներն ու ապրումները այնպես, ինչպես դրանք գոյություն ունեն հայի սրտի խորքում…

Ունենք միայն անբացատրելի խանդ, անպատմելի ուրախություն և արդար մի հուզում՝ եկած ընծայման արարողության սրտառուչ գրավչությունից և խորհրդածությունից, որոնք զուտ զգացական և ժամանակավոր ապրումներ լինելուց ավելի, հայության դարավոր կյանքի ավիշն են հանդիսացել և հանդիսանում են այսօր ևս:

Ու Սուրբ Աթոռը, որ այդ ավիշը տվող հազվագյուտ հաստատություններից լավագույններից մեկն է, ամեն տարի անպակաս է անում նման առիթները:

Այս առիթով, նորընծա սարկավագներին, որոնցով Երուսաղեմի Առաքելահաստատ Սուրբ Աթոռի և Պատրիարքության սարկավագների թիվը բարձրացավ, նոր բարեմաղթանք չունենք, այլ սրտագին ասում ենք.
«Թող ձեր ուրարները դառնան փորուրարներ, բարեաւ գնացէք ընդ այս ճանապարհ…»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել