Հռոմեական կաթոլիկ եկեղեցու ղեկավար Հռոմի պապ Ֆրանցիսկոսը քննադատել է պոպուլիստական կառավարությունները՝ դրանք համեմատելով Երրորդ ռեյխի ռեժիմի հետ և կոչ արել ընդունել ներգաղթյալներին, գրում է The Daily Mail-ը:

Վատիկանում միջոցառման ժամանակ ելույթ ունենալով՝ քահանայապետը կոչ է արել երիտասարդ սերնդին տեղեկացնել համաշխարհային պատերազմների մասին, որպեսզի նրանք խուսափեն նախկին սխալներից և իմանան, թե ինչպես է տարածվում պոպուլիզմը: Քահանայապետը նշել է, որ դրա վառ օրինակը նացիստական Գերմանիան է:

«Ճգնաժամերը վախ և տագնապ են ծնում: Գերմանացիները Հիտլերի օգտին քվեարկեցին: Հիտլերն իշխանությունը չի զավթել, նրա ժողովուրդն է նրան կողմ քվեարկել, իսկ հետո նա իր ժողովրդին կործանման տարավ»,-ասել է Ֆրանցիսկոսը:

Նա հիշեցրել է, որ Աստվածաշունչը սովորեցնում է ընդունել փախստականներին, սակայն խոստովանել է, որ եվրոպական պետությունները փախստականների թիվը սահմանափակելու իրավունք ունեն:

«Ամբողջ Եվրոպայի համար շատ կարևոր է այդ հարցի շուրջ համաձայնության հանգել»,-հավելել է Հռոմի պապը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել