Panarmenian.net-ը գրում է.
Խցանումներն առաջանում են վարորդների կողմից երթևեկության պարզագույն կանոնների խախտման հետևանքով: Այդ մասին հայտարարել է ոստիկանությունն ՝ անդրադառնալով զանգվածային լրատվամիջոցներում ու սոցցանցերում այն հրապարակումներին, որ հոկտեմբերի 26-ի երեկոյան երթևեկության լարվածություն է արձանագրվել մայրաքաղաքի մի շարք փողոցներում ու խաչմերուկներում:
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ, ըստ երևույթին, եղանակային հանգամանքներով պայմանավորված` հոկտեմբերի 26-ին Երևանում արձանագրվել է 130 ճանապարհատրանսպորտային պատահար, որից 90-ը` ժամը 16.00-ից 24.00-ն ընկած ժամանակահատվածում: Մինչդեռ սովորաբար մայրաքաղաքում օրվա ընթացքում արձանագրվում է մինչև 80 ճանապարհատրանսպորտային պատահար, որից մինչև 40-ը` նշված ժամանակահատվածում:
Ճանապարհատրանսպորտային պատահարների աննախադեպ աճով պայմանավորված` ճանապարհային ոստիկանության ուժերն ու միջոցներն օգտագործվել են պատահարների դեպքերի վայրերի պահպանության և սահմանված կարգով դրանց արձանագրման համար: Դրա հետևանքով Երևանի որոշ գերծանրաբեռնված խաչմերուկներում ճանապարհապարեկային ծառայության կարգախմբերի կողմից երթևեկությունը չի կարգավորվել:
Ոստիկանությունը շեշտում է, որ բոլոր խցանված խաչմերուկները ունեն լուսացուցային կարգավորում, և խցանումներն առաջանում են վարորդների կողմից ճանապարհային երթևեկության պարզագույն կանոնների խախտման հետևանքով:
Մասնավորապես, չեն կատարվում «Ճանապարհային երթևեկության կանոնների» 88 կետի պահանջները, համաձայն որի`արգելվում է մուտք գործել խաչմերուկ կամ երթևեկելի մասերի հատում, եթե առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի կանգնել` խոչընդոտելով այլ տրանսպորտային միջոցի երթևեկությունը:
«Հարգելի վարորդնե´ր, հորդորում ենք խստորեն պահպանել երթևեկության կանոնների բոլոր պահանջները, իսկ եղանակային բարդ պայմաններում լինել առավել կարգապահ և ուշադիր, ինչով, կաջակցեք ճանապարհային ոստիկանության աշխատանքին` նպաստելով երթևեկության անվտանգության և մասնակիցների կյանքի ու առողջության պահպանմանը»,-ասվում է ոստիկանության հայտարարության մեջ: