Եթե արտահերթ ընտրություններից և մեծամասնություն ձևավորելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիրապետելով երկրի ողջ իշխանությանն ու մասսաների խանդավառ տրամադրությանը, հայտարարի հեղափոխության ավարտն ու պետական բարեփոխումների սկիզբը, ապա պետաիրավական ու վարչարարման բոլոր գործընթացները վերադարձնի բնականոն հուն, ուրեմն՝ այնժամ կարելի կլինի հանգիստ խղճով Նոր տարի տոնել ու համարել, որ ազգովին մի մեծ ճգնաժամ հաղթահարեցինք, որը կոչվում է հեղափոխություն և որը այսբերգի նման ունի անտեսանելի ստորջրյա վտանգավոր ահագնացող զանգված։ Եւ ոչ միայն հաղթահարեցինք, այլև առաջընթացի հնարավորություն ստեղծեցինք այդ հեղափոխության շնորհիվ։

Բոլոր թերություններով ու անախորժություններով հանդերձ՝ հայկական քաղաքական դասակարգն ընդդիմության հետ մեկտեղ աշխարհին քաղաքական տոլերանտության դասեր է տալիս, երբ համաձայնության եկած գնում է Պառլամենտի ցրելուն և նոր ընտրությունների։ Աննախադեպ մի գործընթաց է սա նախկին ԽՍՀՄ-ի տարածքում ու նաև աշխարհում, երբ մի ժողովուրդ կազմակերպված հաղթահարում է իրավաբանական այն արգելքները, որոնց հեղինակն ինքն է։ Իսկ քաղաքագիտական հասարակությունն ու հասարակ մարդիկ ավելի քննադատական են տրամադրված իրար հանդեպ, քան կուսակցություններն ու քաղաքական ուժերը, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ մենք կկարողանանք անցումային շրջանն առանց վայրիվերումների կազմակերպել ու անցնել հարցերի լուծումների ստադիային։

Այսօրվա վարչապետի զեկուցումից կարելի է այն ենթադրությունն անել, որ նա տիրապետում է իրավիճակին, սակայն տնտեսական թռիչքի և բարեփոխումների կոնցեպցիա դեռևս չունի, թիմ չունի այդ ամենն իրականացնելու համար և ֆինանսական միջոցների հարց կա այդ ռեֆորմների համար։ Սրանք կարևոր հարցեր են, և առանց հասարակական կոնսենսուսի, առանց քաղաքական բոլոր ուժերի միավորման դժվար կլինի իրականացնել այդ բարեփոխումները։ Ճիշտ է, ամենակարևորը նա ունի, և դա մարդն է, քաղաքացին, որը կարծես պատրաստակամ է օգնելու, լծվելու պետության գործերին։ Սակայն քաղաքական կոպիտ հակամարտության պայմաններում շատ դժվար կլինի, ուստի ընտրություններից անմիջապես հետո անհրաժեշտ կլինի պայմանավորվել վաղվա խաղի կանոնների վերաբերյալ։

Ինձ զարմացնում է մտավորականությունը, որն իրեն հեռավորության վրա է պահում և տիրոջ խառնվածք չի ցուցաբերում։ Իսկ քաղաքագիտական հասարակությունը, պրոֆեսորա-դասախոսական շրջանները, արվեստի մարդիկ միահամուռ ծափահարում են, այնինչ նստել, վերլուծել, դեղատոմսեր առաջարկել է պետք։ Պետությունն էլ նրանց կարիքը չունի, կարծես թե։ Հայաստանի Գիտությունների ակադեմիայի շենքը Բաղրամյան փողոցի ամենաանշուքն է և նման է թաղման բյուրոյի։ Զարմանալի է, որ հեղափոխությունը գիտությամբ հետաքրքրված չէ։ Մի՞թե մետաֆիզիկան ու գուշակություններն են լինելու ամեն ինչի հիմքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել