Վարչապետի և նրա ժամանակավոր պաշտոնակատար եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանի գլխավոր հայտարարություններից են եղել Արցախի հարցի լուծմանն արցախցիների ներգրավումը և հայ-ադրբեջանական բանակցությունների օպերատիվ կապի հաստատումը: Նման հայտարարությունների կողքով, իհարկե, անտարբեր չեն անցնում ադրբեջանցիները, և պաշտոնական մակարդակով տրվում է նաև դրանց պատասխանը:

Նախ՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի հարցերով բաժնի ղեկավարի տեղակալ Հիքմեթ Հաջիևը հայտարարում է, որ օպերատիվ կապ ասվածը չի նշանակում, որ իրար հետ կապի են դուրս եկել երկրի ղեկավարները կամ ԱԳ և պաշտպանության նախարարները: Ըստ Հաջիևի՝ հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքում տարբեր մակարդակով շփումներ են լինում երկու կողմերի միջև:

Հետագայում արդեն ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան, անդրադառնում է Փաշինյանի այն հայտարարությանը, որ Արցախի հարցը պետք է լուծվի Արցախը բանակցային սեղանին մոտ բերելու միջոցով: Այստեղ արդեն հարց է առաջանում, թե ո՞վ է խաբում ժողովրդին: Քանի որ Աբդուլաևան մեղադրում է Փաշինյանին ժողովրդին խաբելու մեջ, սակայն հենց ինքը շարունակում է ադրբեջանական կեղծ քարոզչությունը, որը կատարվում է արդեն մոտ 30 տարի ու այս տարիների ընթացքում դա փուչիկ է եղել: Ըստ նրա՝ ադրբեջանական կողմը խնդրի լուծումը տեսնում է միայն հայկական զորքն Արցախից հանելու եղանակով: Կարծում եմ՝ արդեն պարզ է, չէ՞, թե իրականում ով է խաղում ժողովրդի հավատի հետ ու ամեն գնով նրանց կեղծ տեղեկություններ և հույսեր տալիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել