Այսօր TRT World թուրքական միջազգային հեղինակավոր ալիքին տված իր հարցազրույցում ՀՅԴ առանցքային գործիչ Կիրո Մանոյանը բացահայտորեն ասաց, որ իրենք կտրկանապես դեմ են դեկտեմբերին ընտրություններ անցկացնելու գաղափարին: Դա վտանգավոր ազդակ է:
Եթե Փաշինյանը վաղը վերընտրվի վարչապետ, ապա այդ պարագայում հակահեղափոխությունը միանգամից երեք հարց կլուծի.
Ա. Խորհրդարանը չի լուծարվի առայժմ,
Բ. Փաշինյանի և իր թիմի հեղինակությանն անդառնալի վնաս կհասցվի, միաժամանակ կստացվի, որ կողմ քվեարկողները հակահեղափոխություն չէին անում, այլ օգնում էին «Ելք»-ին` վարչապետ ընտրելով նրանց և ժողովրդի թեկնածուին,
Գ. Փաշինյանին կտանի, հնարավոր է, երկրորդ հրաժարականի, որի արդյունքում քաղաքական դաշտը կվերածվի կրկեսի, իսկ հնարավորություններն ավելի կնվազեն` հանրային խոր հիասթափություն առաջացնելով գործադիրից: Այդ ընթացքում հասարակությունը կսկսի պակաս լուրջ վերաբերվել գործադիրին և նրա քայլերի հաշվարկներին: Եվ դրանով հակահեղափոխությունը կդառնա առավել, քան երբևէ, հնարավոր:
Դ. Փաշինյանը կարող է ստիպված լինել պաշտոնավարել մինչև մայիս, երբ նրան խորհդարանն անվստահություն կհայտնի, և արդեն այս ամիս գործադիրի կատարած քայլերի արդյունքում հնարավոր է՝ իջած վարկանիշի պայմաններում հակահեղափոխությունն առավել վստահություն ձեռք բերած կլինի:
Այս իրավիճակը պետք է դիտարկել որպես գերազանցապես տեսական հնարավորություն, որն արդեն խորհրդարանական կուսակցության ներկայացուցիչն է շոշափում:
Շատ հնարավոր է նաև, որ սա նույնպես սցենար մնա, Փաշինյանը չընտրվի և մեկ շաբաթ հետո, ըստ ժողովրդի ակնկալիքի, խորհրդարանն արձակվի: Շեշտեմ, որ դա նույնպես շատ հնարավոր սցենար է, և տա Աստված, որ այդ ուղով գնա ամեն բան:
Բայց դա չէ խնդիրը: Խնդիրն առավել խորքային է:
Ինձ հայտնի չէ մի հեղափոխություն, որտեղ ժողովրդին ոչնչացնող և տապալված ուժի ու նրա Սահմանադրության հետ այսքան հաշվի նստեն և այսքան զգուշանան անգամ այդ ուժի կողմից` սահմանադրության հնարավոր մեկնաբանություններից: Եթե Հրայր Թովմասյանի ու Գագիկ Հարությունյանի փաստաթուղթը, որ իրավական ուժ չունի, որովհետև մերժվել է ժողովրդի կողմից, բայց կեղծիքով հռչակվել անցած սահմանադրություն, այսքան խութեր և անհեթեթ իրավիճակներ կարող է ստեղծել, ինչո՞ւ ենք շարունակում սրբազանության սկզբունքով հետևել դրան և հիմա էլ, զգուշանալով «քվեարկություն» բառի հնարավոր մեկնաբանություններից, թեկնածու առաջադրում:
Կարծում եմ՝ եթե անգամ ամեն բան հարթ ընթանա, կոպտագույն սխալ էր հիմա էլ մտնել Հանրապետականների դաշտ և անհանգստանալով վարչապետի ընտրության նրանց հնարավոր մեկնաբանությունից՝ ակամայից հիմք ստեղծել հնարավոր, չբացառված ֆիասկոյի համար: