Tert.am-ը գրում է.

Փաստ է՝ ցանկացած զենք, որը ձեռք է բերվում է Ադրբեջանի կողմից, ունի մեկ նպատակ՝ օգտագործել ՀՀ-ի և Արցախի դեմ, սա անվիճելի է։

Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից օրերս ամերիկյան ռազմական ուղղաթիռների ձեռքբերմանը։

Նա նկատեց, որ ամիսներ առաջ ադրբեջանական կողմը ձեռք էր բերել Bell 412 ուղղաթիռներից։

«Մեր հասարակության մեջ շատերը պնդում էին, որ դրանք քաղաքացիական են, և անհանգստանալու առիթ չկա: Հիմա Ադրբեջանն ունի ամբողջությամբ ռազմական MD-530F հարվածային ուղղաթիռներ` «Cayuse Warrior»:

Այն զինատեսակները, որ Ադրբեջանը ձեռք է բերում ՌԴ-ից, Իսրայելից, Թուրքիայից և այլ պետություններից, բնականաբար, մեզ համար պետք է խնդրահարույց լինեն, և մենք  բոլոր տեսակի քայլերը պետք է օգտագործենք, որ կարողանանք հնարավորինս զսպել Ադրբեջանի՝ զենք ձեռք բերելու ախորժակը։ Կարծում եմ՝ նաև ամերիկյան ուղղությամբ պետք է ակտիվ աշխատել, որովհետև Միացյալ Նահանգները մի պետություն է, որ  պատերազմող երկրներին զենք չի վաճառում, բայց սա արդեն 2-րդ դեպքն է, որ գործ ունենք նման երևույթի հետ, որը շատ հետաքրքիր է»,- ասաց նա։

Միջազգայնագետը նկատեց, որ առաջին անգամ Ադրբեջանը  3-րդ պետության  միջոցով ձեռք բերեց կրկնակի նշանակության գույք՝ քաղաքացիական-ռազմական ուղղաթիռներ, և շեշտեց, որ հայկական կողմի արձագանքն այդքան էլ ուժգին չէր։  Սուրեն Սարգսյանը շեշտեց, որ արդեն հիմա Ադրբեջանը ձեռք է բերել ավելի քան ռազմական ուղղաթիռներ, որոնք փոքր հարվածային ուղղաթիռներ են՝ բավականին լուրջ մանևրելու հնարավորություններով։

«Ակնհայտ է, որ դրանք ձեռք են բերվել հենց դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար։ Ի դեպ, ըստ մասնագետների, այդ ուղղաթիռները շատ լավն են, որովհետև դրանց աղմուկն այդքան էլ ուժեղ չէ, աննկատ գործելու հնարավորությունը շատ ավելի մեծ է։ Դրա համար էլ կարծում եմ, որ սա շատ ավելի լուրջ մարտահրավեր է մեզ համար, և մենք ԱՄՆ մեր գործընկերների հետ պետք է փորձենք հասկանալ՝ որտեղից է Ադրբեջանը ձեռք բերել այս ուղղաթիռները, որովհետև ԱՄՆ կառավարությունը զենքի-զինամթերքի ցանկացած վաճառք անպայման իր ուշադրության կենտրոնում է պահում՝ մշտապես տեղյակ լինելով, թե իր կողմից արտադրված  ռազմական տեխնիկան, որ երկիր է գնում, արդյոք 3-րդ երկրի վերավաճառվում է, թե ոչ»,- ընդգծեց Սարգսյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել