Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Էրեբունի վարչական շրջան և աշխատակազմին ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արման Աբրահամյանին, տեղեկացնում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից։
Շնորհակալություն հայտնելով վարչական շրջանի ղեկավարի նախկին պաշտոնակատար Էդգար Մկրտչյանին և աշխատակազմին` կատարված աշխատանքի համար, Երևանի քաղաքապետն ընդգծել է, որ իր կողմից միշտ գնահատվում է այն ամենը ինչ արվել է Երևանի զարգացման ու մայրաքաղաքի բնակիչների համար:
«Գիտեմ, որ մեծ աշխատանքներ արվել են, գիտեմ, որ հոգատար եք եղել Էրեբունի վարչական շրջանի բնակիչների նկատմամբ, ինչն անչափ կարևորում եմ: Մեր մայրաքաղաքն ունի 2800-ամյա պատմություն և մենք, ապրելով Երևանում ու աշխատելով միասին Երևանի համար, պետք է ապացուցենք մեր քաղաքի բնակիչներին, որ այդ պատմությունը շարունակվելու է՝ գրանցելով նոր ձեռքբերումներ»,- ասել է Հայկ Մարությանը
Շնորհավորելով Արման Աբրահամյանին Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակվելու առթիվ` Հայկ Մարությանը համոզմունք է հայտնել, որ նա աշխատակազմի հետ միասին կանի հնարավորը, որպեսզի վարչական շրջանը շարունակի զարգանալ:
«Պարոն Աբրահամյանը Երևանը սիրող, շատ պատասխանատու, բնակիչների խնդիրներն իմացող անձնավորություն է և, բնականաբար, գիտի, թե ինչպես է պետք լուծել այդ խնդիրները: Կխնդրեմ ձեր աջակցությունը Արման Աբրահամյանին՝ աշխատանքի մեջ, որպեսզի վարչական շրջանը, պահպանելով այն, ինչին հասել է, գնա առաջ և զարգանա»,- ընդգծել է Հայկ Մարությանը:
Այսօր Հայկ Մարությանը նաև Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին։
Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Արա Սադոյանին և աշխատակիցներին՝ մայրաքաղաքում ու հատկապես Կենտրոն վարչական շրջանում կատարած աշխատանքի համար և նկատել, որ աշխատակազմի աջակցությամբ առաջիկա տարիներին ևս լուծումներ կտրվեն բնակիչների կողմից բարձրացվող խնդիրներին:
«Վիկտոր Մնացականյանը Երևանը սիրող, նպատակասլաց ու ազնիվ մարդ է: Ունի շատ հետաքրքիր ծրագրեր ինչպես Կենտրոն վարչական շրջանի, այնպես էլ Երևանի հետ կապված: Եվ, որ ամենակարևորն է, գիտի լսել մեր երևանցիներին, կարողանում է հասկանալ խնդիրներն ու լուծումներ տալ դրանց»,- նշել է Հայկ Մարությանն ու շնորհավորելով Վիկտոր Մնացականյանին Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակվելու առթիվ, մաղթել է հաջողություններ աշխատանքում:
«Ես գնահատող մարդ եմ և դրական եմ գնահատում իրականցված բոլոր ծրագրերը: Ինձ համար ամենակարևորը, որ գոհ լինեն մեր բնակիչները և մենք անելու ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի երևանցիների կողմից բարձրացված որևէ խնդիր անպատասխան չմնա»,- ընդգծել է Երևանի քաղաքապետը: