Լիբանանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետ Նիիկոլ Փաշինյանը շեշտել է, որ իրենք հիմա ունեն ժողովրդի վստահությունը, այսօր ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունը՝ լինելով իշխանություն, և, երբ հասնեն որոշակի ազատությունների, մարդու իրավունքների պաշտպանության, անկախ դատական համակարգ ձևավորեն, տնտեսական հաջողությունների, քաղաքական հաջողությունների հասնեն, ինքը ավարտված չի համարի հեղափոխության և իրենց առաքելությունը: «Իմ և մեր քաղաքական թիմի ընկալմամբ՝ մեր առաքելությունը իրականացված կարող ենք համարել այն ժամանակ, երբ, ինչպես ազատ, արդար և ժողովրդավարական ընտրությունների միջոցով հասնենք իշխանության, այնպես էլ ժողովրդի ազատ կամարտահայտմամբ ի վիճակի լինենք հեռանալ իշխանությունից: Սա շատ կարևոր դրույթ է, որովհետև շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, ի վերջո, իմանա և հստակ գիտակցի, որ ոչ թե իշխանությունն է որոշում, թե ինչպիսի ընտրություն կատարի ինքը, այլ ժողովուրդն է որոշում, թե ինչպիսի իշխանություն ձևավորվի Հայաստանում: Այս առումով մենք պետք է արձանագրենք, որ Հայաստանում ընտրական ինստիտուտի վերականգնումը մեր ամենակարևոր առաքելությունն է»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանն արել է շատ կարևոր արձանագրում, եթե կուզեք՝ տվել է թավշյա հեղափոխության հաղթանակի ամենակարևոր բանաձևը։ Հեղափոխությունները, դրանց առաջնորդող ուժերը, որպես կանոն, հաղթանակ են տանում հետհեղափոխական առաջին ընտրություններում։ Դա օրինաչափություն է աշխարհի բոլոր երկրներում, բոլոր հեղափոխությունների համար։ Սակայն արդյո՞ք դա կարող է համարվել հեղափոխության ամբողջական հաղթանակ։ Իհարկե՝ ոչ։

Քիչ չեն դեպքերը, երբ հեղափոխություններից հետո հաստատվել են դեմոկրատական կառավարություններ, որոնք ժամանակի ընթացքում շեղվել են իրենց պայքարի օրակարգից կամ կոմպրոմիսների են գնացել հիմնարար սկզբունքների հաշվին՝ ըստ էության, չեղարկելով հեղափոխությունների առաջին դեմոկրատական արդյունքները։

Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում 1988-90թթ-ին՝ նույնպես հեղափոխություն էր, ընդ որում՝ տարողունակ քաղաքական օրակարգով, որի առանցքային կետերն էին Հայաստանի ապագաղութացումը կամ ինքնշխանությունը, Արցախի անկախությունը ու Հայաստանի ժողովրդավարացումը։ Առաջին երկու խնդիրները Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարությունը փայլուն լուծեց, սակայն 88-ի հեղափոխությունը մնաց անավարտ՝ ժողովրդավարությունն անշրջելի դարձնելու անկարողության հետևանքով։

Երրորդ հանրապետությունում դրվեցին դեմոկրատիայի հիմքերը, սակայն այն չդարձավ անշրջելի ինստիտուցիանալ արժեք։ Ժողովրդավարությունն անշրջելի է դառնում, երբ ներդրվում է օրինական ընտրությունների մոդելը, եթե նույնիսկ հաջորդ ընտրություններում դա հանգեցնելու է հեղափոխության իշխանության պարտությանը։ Դեմոկրատիայի ամենակարևոր սկզբունքը հենց իշխանության փոխարինելիության գաղափարն է։

Դա հասկացան մերձբալթյան երկրները, ինչի շնորհիվ անշրջելիորեն խզեցին կապը իրենց սովետական նվաստացուցիչ անցյալից՝ դառնալով եվրոպական ընտանիքի լիիրավ անդամներ։

Արևելաեվրոպական դեմոկրատիզացիայի երկրոդ ալիքը սովետական իրականությունից կտրեց նաև Վրաստանին և Ուկրաինային, ինչի շնորհիվ նրանք գոնե կարողացան ձերբազատվել եվրասիականացման վիրուսից։

Հայաստանում իրադարձությունները զարգացան տրամագծորեն հակառակ ուղղությամբ, ինչը 1998-ին հանգեցրեց հակահեղափոխության ռևանշին՝ Հայաստանում հիմք դնելով ռուսական վասալության ամենադեսպոտ ռեժիմներից մեկի հաստատմանը։

Եթե 1988-ի հեղափոխությունը հաջողեր, թերևս՝ չէր լինի 2018-ի թավշյա հեղափոխության անհրաժեշտությունը։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ իր թիմի հաղթանակը չի համարում հեղափոխության հաղթանակ, դա կայացած փաստ կհամարի, երբ մի օր ժողովրդի պահանջով հեռանան իշխանությունից։ Հայաստանն այսօր փորձում է իրականություն դարձնել այն հեղափոխությունը, որի շնորհիվ եվրոպական ընտանիքի անդամ դարձան մերձբալթները։ Սակայն մենք երեսուն տարի հետո կրկնում ենք նույն սխալը․ մեր դեմոկրատիան կառուցում ենք եվրասիական տափաստաններում՝ թերևս չգիտակցելով, որ մեր տիպի երկրներում ոչ թե արտաքին քաղաքականությունն է ներքինի շարունակությունն, այլ՝ հակառակը։ Գուցե դժվար է խոստովանել, որ նաև դա էր 88-ի հեղափոխության անավարտության պատճառը։ Գուցե երեսուն տարի հետո բախտներս բերի՝ մեր հեղափոխությունը իր խաչմերուկներից մեկում հանդիպի ռուսական դեմոկրատական հեղափոխությանը, որը մեզ կազատագրի կայսրության ճիրաններից՝ թույլ տալով, որպեսզի իրականություն դառնա Նիկոլ Փաշինյանի տեսլականը․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել