Հայաստանի և Լիբանանի տնտեսական կապերը պետք է համապատասխանեցնել երկրների միջև առկա քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Բեյրութում Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ հանդիպմանը:
Հիշեցնենք, որ սիրիական հակամարտության պատճառով տուժել է տեղի հայ համայնքը` կորցնելով նյութական մեծ արժեքներ և դառնալով փախստական։ Այսօր այդպիսի ճակատագիր է սպառնում նաև Լիբանանի հայ համայնքին։
Լիբանանում է գտնվում Մերձավոր Արևելքի ամենակայացած համայնքներից մեկը՝ լիբանանահայ գաղութը, որը սունի-շիա հակամարտության, Իրան-Իսրայել proxy war-ի պատճառով ստիպված կլինի արտագաղթել երկրից և կրկնել իրենց սիրիահայ եղբայրների ճակատագիրը: Լիբանանի հայերը կամրջող դերակատարում ունեն երկրների միջև ու ՀՀ-ն պետք է հնարավորինս լուծումներ գտնի տեղի հայ համայնքի առջև ծառացած խնդիրներին:
Քաղաքական չեզոքության պահպանման դեպքում, միևնույն է, համայնքը չի կարող ապահովագրված լինել փողոցում կատարվող ահաբեկչություններից կամ ռազմական բախումների վտանգից, Սիրիայից՝ Լիբանանի տարածքի հրետակոծություններից և, ընդհանուր առմամբ, Լիբանանում սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման բացասական հետևանքներից: Այս պահին Լիբանանում 1.5 միլիոն սիրիացի փախստական կա, ինչն ազդում է թե սոցիալ-տնտեսական վիճակի, թե ժողովրդագրական պատկերի, թե քրեածին միջավայրի վրա:
Այսպիսով՝ Լիբանանի կայունությունը և այնտեղ գտնվող լիբանանահայության անվտանգության բավարար մակարդակի պահպանումը բխում է ՀՀ-ի շահերից, ինչպես հայրենակիցների նկատմամբ բարոյական պատասխանատվության, այնպես էլ Մերձավոր Արևելքում հայկական գործոնի և ներկայության պահպանման տրամաբանությունից ելնելով: