Իրոք շատ զավեշտալի իրականության մեջ ենք ապրում։ Ամիսներ առաջ՝ մինչև հեղափոխությունը, պարզորոշ սահմանվել էին «Էրեբունի-Երևան 2800» տոնակատարությունների ժամկետները՝ սեպտեմբերի 29-30: Մենք այն ժամանակ չգիտեինք, որ քաղաքի «հայրերը» որոշել էին 1 միլիարդից ավել գումար ծախսել տոնական միջոցառումներին: Բայց ինչպես ասում են, շաբաթը ուրբաթից շուտ եկավ․ հեղափոխական իշխանությունները նախ հետաձգեցին «Էրեբունի-Երևան 2800» միջոցառումները 1 ամսով (նախապատվությունը տալով Ֆրանկոֆոնիայի միջացառումների կազմակերպչական աշխատանքներին), ավելին՝ կրճատեցին միջոցառումների ցանկը՝ ամփոփելով 1 օրվա մեջ: Իհարկե, ֆինանսական միջոցների կրճատումը լավ է և խրախուսելի, բայց զավեշտալի է, որ մայրաքաղաքի տոնն այսօր անցնում է անշուք, դժգույն մթնոլորտում․ համենայն դեպս, բացի ՀՀ պետական և մայրաքաղաքի դրոշներից՝ քաղաքում տոնական շունչ չի զգացվում, ավելին՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարն աշխատանքային այցով գտնվում է Լիբանանում:

Տարիներ շարունակ ես Ֆեյսբուքով քննադատել եմ քաղաքի նախկին իշխանություններին մայրաքաղաքի ոչ հոբելյանական տոները «շռայլ» շքեղ նշելու համար։ Հիշում եմ՝ 8 տարի առաջ՝ 2792-ամյակին՝ էլ շքերթ Հանրապետության հրապարակում, էլ հազարավոր շապիկներ, գլխարկներ, միջացառումների շարք, հարյուրավոր պաստառների թողարկում և այլն: Իսկ այսօր, երբ իրոք քաղաքի հոբելյանն է... Ահա այսպիսի տարօրինակ, ոչ տոնական իրողություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել