Irakanum.am-ը գրում է.

«Ես անկեղծորեն ներողություն եմ խնդրում, բայց  նյարդերը տեղի են տալիս, երբ տեսնում ես, թե դստերդ ինչքան են ամեն օր վիրավորում, սադրում, վատաբանում։ Պարզապես նյարդեր են տեղի տվել։ Ես երբեք նման ցուցում չեմ տվել, իմ հայրիկը երբեք քարոզարշավի ամբողջ ընթացքին չի խառնվել, եւ ես տեղյակ չեմ  եղել այդ հեռախոսազրույցից, մինչեւ ձայնագրությունը»։

Այս մասին  Irakanum.am-ի հետ զրույցում ասաց Էջմածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, քաղաքապետի թեկնածու Դիանա Գասպարյանը, անդրադառնալով սկանդալային ձայնագրությանը, որտեղ հայրը սպառնում եւ վիրավորում է քաղբանտարկյալ Գեւորգ Մանուկյանին։ «Ես ինքս պատրաստ եմ Գեւորգ Մանուկյանից ներողություն  խնդրել»,- ասաց Գասպարյանը, հավելելով, որ պատրաստ է զրուցել Մանուկյանի հետ անձամբ։ «Իմ հայրը պարզապես փորձել է որքան հասկացա բացատրել, որ եղել եմ ընդամենը դատավորի գործավար եւ չէի կարող մարդ դատել, եւ որեւէ կապ չեմ ունեցել իր գործի հետ, եւ առհասարակ որեւէ գործի հետ։ Դա որքան հասկացա Գեւորգ Մանուկյանը չի ցանկացել ընդունել ինչքան ժամանակ, եւ պարզապես հորս նյարդերը տեղի են տվել, որի համար ես ներողություն եմ խնդրում Գեւորգ Մանուկյանից»,- ասաց Էջմածնի քաղաքապետի թեկնածուն։

Դիանա Գասպարյանը վստահեցրեց, որ ինքը կիրթ անձնավորություն է, եւ մշտապես պայքարել է անարդարությունների դեմ։ «Հասկանում եմ, որ իրեն քաղբանտարկյալ անվանող մարդը շատ ավելի զգայուն է նման բաների նկատմամբ, ես նաեւ ուզում եմ ձեզ ասել, եթե հնարավոր է իրեն փոխանցեք, որ երբեք չեմ ասել, որ հասարակ խանութի ապրանք գողացող է։ Եթե կա ինչ-որ մեկը, ես պատրաստ եմ անձամբ հանդիպել, եւ այդ հանդիպումը նկարահանել, եւ պնդել, որ նման բան եմ ասել։ Եթե նման տեղեկատվություն ունի պարոն Մանուկյանը, ապա թող իմանա, որ դա բացարձակ սուտ է, եւ սադրանք, ես որեէ մեկին նման բան չեմ ասել»,- ասաց Գասպարյանը, հավելելով, որ Մանուկյանին անձամբ չի ճանաչել։ Նրա մասին ըստ թեկնածուի իմացել է միայն գրառումներից հետո, սակայն երբեք չի պատասխանել դրանց։ «Ինչ վերաբերում է հորս, ապա այո ընտանիքի անդամ է, բայց առանձին անհատ է, որի արարքների համար պատասխան տալ չեմ կարող։ Եթե հնարավորություն ունենայի շատ կուզեի դրանք կանխել, բայց եղել է այն, ինչ եղել է։ Ես այս պահին ինչ կարող եմ անել ներողություն խնդրելն ու իրավիճակը բացատրելն է»,- ասաց Դիանա Գասպարյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել