Օրերս սովորական մի հեռախոսազանգ ստացա, բայց հետո պարզվեց, որ դա այնքան էլ սովորական զանգ չէ։ Սկզբում մի քանի անգամ հայտնեց անուն-ազգանունը, բայց, անկեղծորեն ասեմ, չկարողացա այդ անուն-ազգանունով ծանոթ մարդ հիշել։
Հարցրի՝ ի՞նչ ես ուզում, պատասխանեց, որ տարիներ առաջ իրեն բոմժ եմ անվանել։
- Դա հասկացանք,- ասացի,- հիմա ի՞նչ ես ուզում։
- Ես բոմժ չեմ։
- Է՜հ, հետո՞... Այդ կարևոր լուրը բա ինչո՞ւ ես հիմա հայտնում։ Տես քանի՜ տարի է անցել։
- Ես բոմժ չեմ...
Ահա՜ թե ինչ։ Հիմա նստել ու մտածում եմ։ Ես այն մարդկանցից եմ, որ միշտ իրերը կոչում է իրենց անուններով։ Ինձ համար կոշիկը կոշիկ է, պատառաքաղը՝ պատառաքաղ, գնդակը՝ գնդակ։ Չեմ հիշում դեպք, որ գնդակին, ասենք, դույլ կամ վերարկու անվանեմ։ Մինչև իսկ չի եղել դեպք, որ դդումը շփոթեմ ձվի կամ երկրագնդի հետ։ Եթե նրան «բոմժ» եմ անվանել, ուրեմն բոմժ է։ Նշանակում է նա այդ տարիներին հաստատ ոչ պալատական նկարիչ է եղել, ոչ էլ ծայրամասային ինչ-որ գյուղի թամադա։ Եթե, ասենք, թեյնիկ լիներ, կոճղ լիներ, «Բելառուսի» անիվ լիներ, ճակնդեղ կամ ճանճ լիներ, իրեն թեյնիկ, կոճղ, «Բելառուսի» անիվ, ճակնդեղ կամ ճանճ կանվանեի, այլ ոչ թե բոմժ։
Լավ, հիմա հարցին մոտենանք մի այլ կողմից։ «Բոմժ»-ը ռուսերեն հապավում է, նշանակում է Без Определённого Места Жительства։ Ինչո՞ւ է նա հիմա, չորս թե հինգ տարի հետո ասում, որ ինքը բոմժ չէ։ Մեծ խորաթափանցություն պետք չէ հասկանալու համար, որ այստեղ ոչ մի գաղտնիք չկա. նա առաջ բնակության տեղ չուներ, իսկ հիմա հաստատ արդեն տուն ունի, բնակարան է ձեռք բերել։ Թե ինչպես, դա ինձ չի հետաքրքրում։ Եվ հիմա նա ինձ զանգել է, որ հայտնի իր կյանքի այդ մեծ իրադարձությունը՝ կարծելով, թե նոր ձև ձեռք բերելով, փոխվել է իր բովանդակությունը...
Գրողը տանի, բայց այդ ողորմելին չի հասկանում, որ մեծ հաշվով էական ոչինչ չի փոխվել։ Բոմժը իր էությունն է, իր բնավորությունը։ Դա վաղուց իր համար նաև կեցություն է դարձել։ Գրեթե ոչինչ չի փոխվելու իր բնույթի մեջ, եթե անգամ դղյակում ապրի։
Բայց բոմժի ավելի վտանգավոր տեսակներ էլ կան, դրանք քաղաքական բոմժերն են։ Նրանք այսօր մի քաղաքական կուսակցության մեջ են, աջ ու ձախ հաչում են մյուս բոլոր կուսակցությունների վրա։ Հետո մի օր էլ առնետների պես ճողոպրում են իրենց կերակրող այդ կուսակցությունից ու անդամագրվում մի նոր կուսակցության։ Այստեղ էլ նրանք մշտաբնակ չեն, վաղը կարող են հայտնվել մի այլ կուսակցության գրկում։ Սրանք մի օր, ասենք, վարսավիր կամ գանձապահ են աշխատում, ինչ-որ վարչության պետ են կամ կրթության նախարար են, մյուս օրը սրանց տեսնում են գյուղատնտեսության կամ առողջապահության նախարարի աթոռին, հաջորդ օրը՝ մշակույթի կամ ֆինանսների։ Սրանք սոսկ բոմժ չեն, սրանք Չարիք են։