Վերջապես: Ոչ, ես ի նկատի չունեմ այն, որ գերմանացիները մի քանի տարվա տանջանքներից հետո ի վերջո նվաճեցին ֆուտբոլի Չեմպիոնների լիգան: Այդ մասին կխոսեմ վերջում: Ես ի նկատի ունեի ուրիշ գերմանացիների, ովքեր 4-րդ փորձից կարողացան հաղթել Ֆ1-ում: Ընդ որում գերմանացիներ` բառի բուն իմաստով, քանի որ որքան էլ «Մերսեդես» կոչվող այս թիմի արմատները տանում են դեպի Բռաուն-Հոնդա-ԲԱՐ-Տիրել, այն աշխարհի ամենաթանկարժեք սպորտաձեւում հանդես է գալիս գերմանական դրոշի ներքո: Թիմի համար էլ ավելի ուրախալի է, որ իրենց նորագույն պատմության մեջ 2-րդ հաղթանակը պարգեւեց գերմանացին, չնայած պադոկում շատերը եւս մեծ վերապահումով են Նիկո Ռոսբերգին գերմանացի անվանում՝ հիշելով իր ֆին չեմպիոն հորը: Իսկ այն, որ այս հաղթանակը եկավ Մոնակոյում, առաջնության ամենահեղինակավոր, գլամուրային եւ ամենալեգենդար մրցուղիներից մեկում, Տոտտո Վոլֆի, Նիկի Լաուդայի, Դիտեր Ցետչեյի եւ 4 տարվա ընդմիջումից հետո պատվոհարթակ վերադարձած Ռոս Բրաունի համար եռակի ուրախալի էր: 3 մրցարշավ անընդմեջ թիմի պիլոտները վստահորեն հաղթում էին որակավորման մրցումներում, սակայն մրցարշավի ընթացքում հանդիպում էին անվադողերի այնպիսի գերմաշվածության, որ երբեմն միայն մեծ դժվարությամբ էին կարողանում ինչ-ինչ միավորներ «փախցնել»: Բարսելոնայում տեղի ունեցած հերթական ֆիասկոյից հետո մասնագետներից շատերը կանխատեսեցին գալիք այս հաղթանակը, քանի որ Մոնակոն միակ մրցուղին է, որտեղ չնայած նոր Պիրելլի անվադողերի, DRS-ի եւ KERS-ի գրեթե անհնար է վազանցելը եւ որակավորման էտապում հաղթելուց հետո Մերսեդեսի պիլոտներին շատ ավելի հեշտ կլիներ իրենց ետեւում պահել մրցակիցներին: Այդպես էլ եղավ: «Արծաթե նետերը» վերջապես հաղթեցին, սակայն ի զարմանս բոլորի ունեցած սպասումների, «Եռաթեւ աստղն» այս հաղթանակը չնվաճեց շոգեքարշի սկզբունքով, այն է իր ետեւից մի ամբողջ բոլիդների քարավան հավաքելով: Եվ իրոք, շատերը սպասում էին, որ եթե անգամ Մերսեդեսը հաղթի, ապա վերջին շրջաններին մենք պետք է տեսնեինք մոտավորապես նույնպիսի պատկեր, ինչպիսին տեսել էինք 1992 թվականին կամ 2 տարի առաջ, երբ առաջին դեպքում Այրտոն Սեննան իրենից 5 վայրկյանով արագ Նայջել Մենսելին իշխանության փողոցներում իր ՄաքԼառենը աջ եւ ձած նետելով կարողացավ իր ետեւում պահել եւ 2-րդ դեպքում, երբ Սեբ Ֆետտելը հաղթեց աներեւակայելի 1 փիթ-սթոփի շնորհիվ (ի դեմս Ալոնսոյի 2-ի եւ Բատտոնի 3-ի), ընդ որում 17-րդ շրջանից ընթանալով Supersoft-ով: Ասում են, որ եթե չլիներ այդ օրը եզրագծի հատումից առաջ Պետրովի, Ալգերսուարիի, Հեմիլթոնի եւ Սուտիլի միջեւ լողավազանի մոտ տեղի ունեցած մասսայական վթարը, որի շնորհիվ առաջացած կարմիր դրոշակների շնորհիվ (ինչպես այսօր) Ֆետտելը հնարավորություն ստացավ փոխել անվադողերը, ապա նրա անվադողերը չէին դիմանա մինչեւ ֆինիշ, բայց կլիներ դա, թե ոչ, մենք այլեւս չենք իմանա: Մի խոսքով, Ռոսբերգը հաղթեց ոչ թե Մոնակոյի յուրահատում գրան պրիի առանձնահատկությունների, այլ սեփական պիլոտաժի շնորհիվ, քանի որ չնայած 3 անվտանգության մեքենաների, նա ամեն անգամ կարողանում էր ետեւում ընթացք մրցակցից անհրաժեշտ հեռավորության վրա կտրվեր: Սակայն այս հաղթանակը մի փոքր կարող է մթագնել, հասունացող նոր սկանդալի պատճառով: Բանն այն է, որ նախորդ` Իսպանիայի գրան պրիից հետո Մերսեդեսը մնաց Մոնտմելո Կատալունյա մրցուղում, որտեղ Պիրելիի հետ ուղիղ 3 օր փորձարկումներ կատարեց եւ ըստ որոշ տվյալների ավելի քան 1000 կմ երթահատված անցավ: Միջմրցաշրջանային թեստերը վաղուց արգելված են Ֆ1-ում եւ շատ թիմեր, մասնավորապես արդեն իսկ բողոքարկած Ռեդ Բուլն ու Ֆեռռարին, տեղի ունեցածն անարդարացի են համարում, չնայած նրան, որ Բարսելոնայում Մերսեդեսը 2 տարվա հնությամբ W02 բոլիդն է օգտագործել: Հիշում եմ, թե ինչպիսի աղմուկ բարձրացավ, երբ վերջերս Ֆեռռարին Իտալիայում սեփական մեքենայով նկարահանման օր անցկացրեց, այդ ժամանակ մրցակիցները կասկածում էին, որ այդ օրը Ֆելիպե Մասսայի մեքենայի վրա որոշ աէրոդինամիկ նորույթներ են փորձարկվել: Պատկերացրեք, թե ինչ կարող է հիմա տեղի ունենալ, երբ խոսքը ոչ թե մի քանի ժամ նկարահանման, այլ 3 օր թեստերի մասին է գնում (հիմա հասկանո՞ւմ եք, թե Նիկի Լաուդան նաեւ ինչու է պետք այս թիմին): Պետք է չափազանց միամիտ լինել՝ մտածելով, որ թիմը այդ ընթացքում ոչ մի նորույթ չի փորձարկել, եւ անգամ եթե դա այդպես է, ապա 3 այդ օրերը թիմին միանշանակ որաշակի չափով գոնե օգնել են «կամակոր» Պիրելլիների հետ ինչ-որ ընդհանուր լեզու գտնել, որի ապացույցը մենք տեսանք քիչ առաջ ավարտված Մոնակոյի Գրան Պրիում: Չնայած եկեք չշտապենք՝ չմոռանալով, որ Մոնակոն միշտ էլ բացառություն է եղել, որտեղ 96-ին հաղթել է անգամ Լիջյեյի պիլոտ Պանիսը, իսկ 2002-ին մեղմ ասած ոչ լավ մարզավիճակում գտնվող ՄաքԼառենի ասպետ Կուլթհարդը: 2 շաբաթ անց Կանադայում կկայանա 7-րդ էտապը, որն էլ կպատասխանի այն հարցին, թե որքանով է Մերսեդեսը լուծել անվադողերի գերմաշվածության խնդիրը:

Ինչ վերաբերում է բուն մրցարշավին, ապա նշեմ, որ չնայած Մոնռե Կարլոյի նեղլիկ փողոցներին (նշեմ, որ լինելով այնտեղ՝ ականատես եմ եղել, որ այն նեղ է անգամ քաղաքային երթեւեկության համար) մենք տեսանք բավականին քանակությամբ տպավորիչ վազանցներ, որոնցից շատերը, ցավոք, ավարտվեցին վթարներով: 3 անվտանգության մեքենա: Եթե հաշվի չառնենք պատմության ամենաերկար մրցարշավ Կանադա 2011-ը, ապա վերջին անգամ նման դեպք եղել էր 2010-ին նույն Մոնակայում: Ադրիան Սուտիլը վերջապես կարողացավ խուսափել իրեն հետապնդող խնդիրներից եւ շախմատաձեւ դրոշակը հատեց հրաշալի 5-րդ տեղում, 2 անգամ լեգենդար Loews-Grand Hotel-Fairmont շրջադարձում (անգամ գործընկերներս մեկնաբաններն են շփոթում, թե ինչպես անվանել առաջնության ամենադանդաղ շրջադարձը :))))) )՝ վազանցելով աշխարհի չեմպիոններ Բատտոնին եւ Ալոնսոյին: Մինչեւ 70-րդ շրջանը մրցարշավի գլխավոր հերոսը մնում էր Սերխիո Պերեսը, ով, առաջին շրջանին դիմադրելով իր նոր «ընկեր», թիմակից Բատտոնի հարձակումներին, մի քանի անգամ հատեց շրջադարձերը, հետո ստիպված առաջ թողեց վերջինիս, հետո կարողացավ պահը գտնել եւ վերականգնել ստատուս քվոն, հետո էլ ստիպեց Ալոնսոյին սխալվել եւ զիջել իր դիրքը, իսկ հետո... Հետո նա իրեն այնպես պահեց, որ համոզված եմ, Լուկա Դի Մոնտեձեմոլոն հերթական անգամ ժպտաց եւ ասաց. «Ասում էի ես ձեզ, որ նա դեռ չափազանց երիտասարդ է եւ տաքարյուն, թոփ թիմ տեղափոխվելու համար»: Եվ իրոք, այս պահին չափազանց դժվար է չհամաձայնել էմոցիոնալ իտալացու հետ, քանի որ Պերեսը եզրագծի հատումից 7 շրջան առաջ «ջուրը գցեց» իր ողջ չարչարանքը՝ վթարվելով Ռայկկոնենի հետ: Իսկ Կիմին հերթական անգամ ապշեցրեց, վերջին շրջաններին վազանցելով 5 պիլոտների, «փախցնելով» հույժ կարեւոր միավոր եւ ափսոս որ դա, թերեւս մի փոքր անուշադիր, հեռարձակման գլխավոր ռեժիսորի տեսադաշտից դուրս մնաց, քանի որ դա նման էր Սինգապուր 2010-ի վերջին շրջանների` Ռոբերտ Կուբիցայի հաղթարշավին:



Չիլթոնին դեռ կարելի է ներել իր վտանգավոր պիլոտաժը, նա մեծ մրցանակներում ընդամենը 6-րդ մրցարշավն է անցկացնում, բայց Պերեսը պետք է սկսի աշխատել իր վրա, քանի որ միայն տաղանդը բավական չէ արդյունքի համար, դրա վառ ապացույցը այսօր Չիլթոնի զոհը դարձած Մալդոնադոյի նախորդ տարվա ելույթներն են, ինչպես նաեւ Գրոժանի, ում հերթական զոհն այսօր դարձավ Դանիել Ռիկիարդոն: Լավ է, որ Մասսան քիչ առաջ բարեհաջող անցավ ՖԻԱ-ի բժշկական ստուգումը:

Ուստի եւ այսօրվա գլխավոր հերոսը Մոնակոյի նոր տիրակալն է, Նիկո Ռոսներգը: 30 տարի անց Ռոսբերգ ազգանունը կրկին առաջինն է Մոնակոյում: Ավտոսպորտի ստաժավոր սիրահարները կհիշեն, թե ինչպես 1983-ին Կեկե Ռոսբերգի հաղթանակը, ով գերազանցեց այդ տարվա ֆավորիտներ Նելսոն Պիկեյին եւ Ալեն Պրոստին: Այսօր՝ ուղիղ 30 տարի անց, նրա որդին գերազանցեց իր ժամանակվա ուժեղագույններին` գործող 3-ակի չեմպիոն Ֆետտելին, Մոնտե Կառլոյի կրկնակի հաղթող Ուեբբերին եւ իհարկե սեփական թիմակից Մոնակոյի մեծ վարպետ Հեմիլթոնին: Ինչպես եւ ես ենթադրում էի, Լյուիսին այդքան էլ հեշտ չստացվեց Նիկոյին դիմակայելը: Կհանդիպենք 2 շաբաթ անց Ժիլ Վիլնյովի անվան մրցուղում: Salute Gilles J))))

P.S.
2 բառ նաեւ ֆուտբոլի մասին: Շնորհավորում եմ բոլորիս «Բավարիայի» փառահեղ հաղթանակի առթիվ: Այստեղ էլ գերմանացիները ուժեղագույնն էին: Թիմի հաղթանակի գլխավոր 2 կորիզները Արիեն Ռոբենն եւ Ֆրանկ Ռիբերին էին, որոնցից վերջինը դարձավ «1,5» գոլային փոխանցման հեղինակ, իսկ առաջինը եւս արդարացրեց իր գնման համար նախատեսված միլլիոնները՝ դառնալով Man of the match-ը եւ ներողության արժանանալով թիմի երկրպագուներից նախորդ տարվա ձախողման համար: Մնաս բարով «ձյաձ» Հայնկես: Խոսեպ Գուարդիոլան հայտնվեց բարդ կացության մեջ: Նա գալիս է ուժեղացնելու մի թիմ, որում... Որում գրեթե թույլ կողմեր չկան!!! Մնացածը կփորձեմ վերլուծել վաղը, ուղիղ եթերիս ժամանակ:





