Panorama.am-ը գրում է.

«Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը հարցազրույց է տվել Le Journal du Dimanche ֆրանսիական շաբաթաթերթին, որտեղ նա պատմել է Երևանում «Ազնավուր» կենտրոնի ծրագրի, հոր հետ հարաբերությունների և իր հայկական արմատների մասին։

Ներկայացնում ենք հարցազրույցից մեկ հատված։

Le Journal du Dimanche․ Հաջորդ ուրբաթ Դուք Երևանում ներկայացնելու եք «Ազնավուր» կենտրոնի ծրագիրը, որը Ձեր հոր վերջին նախաձեռնություններից մեկն էր: Ի՞նչ կարող եք պատմել այս ծրագրի մասին: Ինչպե՞ս այն ծնվեց: Ո՞րն է դրա առաքելությունը։

Նիկոլա Ազնավուր․ Այս ծրագրի գաղափարը հորս մոտ ծնվել է տարիներ առաջ և մենք այն ձևավորել ենք միասին: Նրա ցանկությունը էր կիսվել մարդկանց հետ իր համար ամենաթանկով՝ ֆրանսերենով, երաժշտությամբ և կինոյով: Ինձ թույլ տամ մեջբերել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը. «Ֆրանսիական մշակույթը կշողա Հայաստանում  «Ազնավուր» կենտրոնի միջոցով»:

Այդ կենտրոնի մի մասը նվիրված կլինի նրա արվեստին, բայց ավելի շատ ինտերակտիվ միջավայրի, այլ ոչ թե ավանդական թանգարանի տեսքով: Կենտրոնի այցելուներին կողջունի հորս ձայնը, որը կուղեկցի նրանց հորս կյանքի ամենանշանակալի փուլերով` ծնողների արտագաղթից մինչև նրա հաղթանակը բեմում: Բացի թանգարան լինելուց կենտրոնը նաև հանդես կգա որպես կրթական և մշակութային փոխանակումների, քննարկումների և ուսանելու վայր: Մենք մասնավորապես կենտրոնում կառաջարկենք ֆրանսերենի ուսուցման մեթոդ` հիմնված հորս ստեղծագործությունների տեքստերի վրա:

«Ազնավուր» կենտրոնի ամբողջական հայեցակարգն ու գաղափարը կներկայացվի լայն  հանրությանը հոկտեմբերի 11-ին Երևանում՝ Ֆրանկոֆոնիայի 17-րդ  գագաթաժողովի շրջանակներում, որն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում: Չնայած այն խոր վշտին, որ կենտրոնը պետք է հանդիսավոր բացեմ առանց հորս, իմ պարտքն է հարգել նրա հիշատակը և անել ամեն ինչ, որպեսզի նրա տեսլականը իրականություն դառնա:

Le Journal du Dimanche․ Միասին դուք հիմնել եք «Ազնավուր» հիմնադրամը: Կարո՞ղ եք ասել՝ ինչ հանգամանքներում է այն ստեղծվել, ինչպիսի՞ գործունեություն այն կարող է ծավալել և որո՞նք են հիմնադրամի առջև դրված նպատակները:

Նիկոլա Ազնավուր․ Հայրս խորապես նվիրյալ մարդ էր: Մեծահոգությունն ու առատաձեռնությունը նրա կյանքի առանցքում էին և՛ որպես արտիստ, և՛ որպես մարդ: Գործը ու ժառանգությունը, որը նա թողնում է իրենից հետո, հսկայական է։ Հանրությունը հիշում է նրա նվիրվածությունը հայ ժողովրդին, որը նա ցուցաբերեց 1988 թ․ Սպիտակի ողբերգական երկրաշարժից հետո,  հատկապես «Քեզ համար Հայաստան» նախաձեռնության միջոցով: Նա հավասարապես ներգրավված էր նաև քաղցկեղի և ալցհեյմերի դեմ պայքարում, վերջերս մասնակցել է նաև Հայիթի երկրաշարժի զոհերին օգնության տրամադրելուն:

Մեծ պատիվ և մեծ հնարավորություն է վառ պահել հորս հիշատակը հիմնադրամի միջոցով: Ցանկանում եմ ընդգծել, թե որքան զգացված եմ վերջին օրերին մարդկանց աջակցությունից: Սրտանց շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց աջակցությունն են ցուցաբերել թե՛ իրենց խոսքերով, թե՛ հիմնադրամին կատարած իրենց նվիրատվություններով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել