Հանրապետական կուսակցությունն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երբեք քաղաքական միավոր չեմ համարել, քանի որ նրանք չեն ունեցել հստակ ընդգծված քաղաքական դիմապատկեր:

Թող ներեն ինձ իմ հանրապետական ընկերները, սա ես նաև իրենց եմ ասել՝ ՀՀԿ-ն միշտ ընկալել եմ որպես օպորտունիստական միություն, որի անդամներն այս կազմակերպությանը միանում էին հարստանալու կամ իշխանություն ստանալու ակնկալիքով` առանց հստակ ընդգծված քաղաքական գաղափարախոսության: Որոշակի կայունություն ՀՀԿ-ին ապահովում էր առաջնորդի նկատմամբ ունեցած հարգանքն ու նվիրվածությունը, սակայն իշխանությունից զրկվելու և անձնական վտանգի պարագայում այս էմոցիաները մղվում են 2-րդ պլան: ՀՀԿ-ն իրեն հռչակել էր ազգային-պահպանողական կուսակցություն, սակայն հենց ՀՀԿ բացարձակ իշխանության տարիներին Հայաստանում ակտիվացան զանազան հասարակական կազմակերպություններ և հիմնադրամներ, որոնք իրականացնելով, այսպես կոչված, իրավապաշտպան գործունեություն, կազմակերպում, միավորում, ամրացնում և իրենց թևի տակ էին վերցնում կրոնական, սեռական և այլ բնույթի փոքրամասնություններին: Այս փոքրամասնություններն առավել «դուխով» դարձան հենց 2008թ․-ից հետո, որոնցից վախենում և խուսանավում էին նույնիսկ ամենահզոր օլիգարխներն ու պաշտոնյաները:

ԲՀԿ-ն իմ կողմից մշտապես ընկալվել է որպես բիզնես պրոյեկտ, որն ամբողջությամբ կառուցված և հիմնված էր մեկ անձի կապիտալի և հնարավորությունների վրա և չուներ նույնիսկ թույլ գաղափարական ուղղվածություն: Այս կուսակցության հիմնական նպատակն էր քաղաքական տանիք դառնալ կուսակցության առաջնորդի համար և ապահովագրել վերջինիս իշխանության կողմից հնարավոր ճնշումներից: Իր ամբողջ գոյության ընթացքում «Բարգավաճ Հայաստանը» միայն մեկ անգամ է համարձակվել դրսևորել քաղաքական կեցվածք, որից հետո կուսակցության առաջնորդը հայտարարեց քաղաքականությունից դուրս գալու մասին:

Ցավոք սրտի, նույն պատկերն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պարագայում, որին քաղաքական հստակ կողմնորոշում չունենալու պարագայում սպառնում է օպորտունիզմի ապագան: Դեռևս հուլիսի սկզբին Փաշինյանին հորդորեցի հնարավորինս արագ կողմնորոշվել քաղաքական գաղափարախոսությունների ընտրության հարցում, չեղյալ հայտարարել «իզմերը» ժամկետանց ճանաչելու իր հայտնի հայտարարությունը, հռչակել կոնկրետ քաղաքական գաղափարախոսություն` տալով հնարավորություն գաղափարախոսական ընդդիմության ձևավորման համար:

Կոնկրետ և հասկանալի քաղաքական գաղափարախոսությունը հնարավորություն կտար իր շուրջը հավաքելու իրական գաղափարակիցների, որոնք կուսակցության կողքին կմնային նույնիսկ ամենադժվար պահին: Իշխանական կուսակցության գաղափարախոսական հենքն իրական հնարավորություն կստեղծեր մրցակցային, գաղափարախոսության վրա հիմնված քաղաքական համակարգի ձևավորման համար` ապահովելով քաղաքական զսպումների և հակակշիռների գործուն համակարգ:

Լինելով օպտիմիստ և իրականում ցանկանալով Փաշինյանին հաջողել Հայաստանը փոխելու իր ցանկություններում՝ կարծում եմ՝ դեռ ուշ չէ, և արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են դառնալ քաղաքական կատալիզատոր ապագաղափարական ուժերին քաղաքական մրցապայքարից դուրս թողելու և ապագա խորհրդարանում իրական գաղափարախոսական մրցապայքար ունենալու համար:

Հապաղելու դեպքում մենք կունենանք այն քաղաքական պատկերը, ինչ ունեինք մինչ այժմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել