Հաշվի առնելով այն, որ լրագրող գործընկերներս ինձ շատ են դիմում մեկնաբանություններ ստանալու համար, այստեղ հրապարակում եմ իմ մեկնաբանությունը կապված մի քանի տասնյակ փաստաբանների կողմից «գործադուլ» հայտարարելու իրենց ցանկության մասին այսօր կայացած ասուլիսում հնչած հայտարարության առնչությամբ։
«Գործադուլի» նախապատրաստվող փաստաբանների հայտարարությունից կարող է ստեղծվել այնպիսի տպավորություն, որ դրանց հեղինակները կա՛մ անտեղյակ են դատական համակարգի կառուցվածքից և ՀՀ վճռաբեկ դատարանի սահմանադրական կարգավիճակից, կա՛մ էլ միտումնավոր փորձում են այն խեղաթյուրել: Մասնավորապես, հարկ ենք համարում տեղեկացնել, որ սահմանադրական բարեփոխումների արդյունքում, Եվրոպական չափանիշներին համահունչ Հայաստանի Հանրապետությունում ստեղծվեց եռաստիճան դատական համակարգ, որը կառուցված է ֆունկցիոնալ տարանջատման սկզբունքի հիման վրա, այսինքն` յուրաքանչյուր ատյան ունի իր ֆունկցիոնալ նշանակությունը: Առաջին ատյանի դատարանները բոլոր գործերը ըստ էության քննող դատարաններ են, վերաքննիչ դատարանները` վերաքննիչ բողոքի հիման վրա առաջին ատյանի դատարանների կայացրած դատական ակտերի օրինականությունը և հիմնավորվածությունը ստուգող դատարաններ են, իսկ Վճռաբեկ դատարանի համար ստեղծվեց որակական նոր կարգավիճակ` արդարադատություն իրականացնելիս Վճռաբեկ դատարանը պետք է ապահովի օրենքների միատեսակ կիրառությունը և դրանից բխող միասնական դատական պրակտիկան: Բացի այդ, Վճռաբեկ դատարանն իր գործունեությամբ պետք է նպաստի իրավունքի զարգացմանը: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու հարցը լուծելիս պետք է առաջնորդվի վերոնշյալ առաքելության իրականացման նպատակներով և որևէ պարտավորություն չունի վարույթ ընդունելու տարեկան ներկայացվող տարբեր որակի և բովանդակության շուրջ 4.000 վճռաբեկ բողոք: Ի դեպ, այս անգամ ևս հարկ ենք համարում հիշեցնել, որ ՀՀ վճռաբեկ դատարանը կազմված է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահից, երկու մասնագիտացված պալատների նախագահներից և ընդամենը 14 դատավորներից: Բացի այդ, եթե հայտարարություններով հանդես եկող փաստաբաններին հայտնի լիներ դատական համակարգի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի հանձնարարականների պահանջներն այն մասին, որ երրորդ ատյանի դատարան պետք է ներկայացվեն այնպիսի բողոքներ, որոնք արժանի են քննարկման այն հիմքով, որ զարգացնում են իրավունքը և նպաստում են օրենքի միատեսակ կիրառմանը, ապա կարծում ենք, որ փաստաբանների այդ խմբի կողմից նման մերկապարանոց եզրահանգումներ տեղ չէին գտնի: Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքները վերադարձնելու մասին որոշումների բավարար պատճառաբանված չլինելու թյուր կարծիքին, ապա ներկայացնում ենք Եվրոպական դատարանի դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ: Ուշագրավ է, որ այն վերաբերում է հենց ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը վերադարձնելու որոշման պատճառաբանությանը: Եվրոպական դատարանը, մասնավորապես, արձանագրել է, որ Դիմումատուն պնդում է, որ Վճռաբեկ դատարանի 2007 թվականի հունվարի 15-ի որոշումը բավարար պատճառաբանված չէ, Դատարանը, ինչպես նշել է նախկինում, հարգելով բողոքարկման իրավունքը, նշում է, որ այնտեղ, որտեղ գերագույն դատարանը մերժում է գործը քննության ընդունելը այն հիմնավորմամբ, որ նման գործերի ընդունելության համար իրավական հիմքեր չկան, շատ սահմանափակ հիմնավորումը կարող է բավարարել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջները (see Nerva and Others v. the United Kingdom (dec.), no. 42295/98, 11 July 2000; Sawoniuk v. the United Kingdom (dec.), no. 63716/00, ECHR 2001-VI; Glender v. Sweden (dec.), no. 28070/03, 6 September 2005; Stepenska v. Ukraine(dec.), no. 24079/02, 12 June 2006; Jaczkó v. Hungary, no. 40109/03, § 29, 18 July 2006; Marini v. Albania, no. 3738/02, § 106, ECHR 2007-XIV (extracts); Kukkonen v. Finland (no. 2), no. 47628/06, § 24, 13 January 2009; and Wnuk v. Poland (dec.), no. 38308/05, 1 September 2009), (see Burg and Others v. France (dec.), no. 34763/02, ECHR 2003-II; and Gorou v. Greece (no. 2) [GC], no. 12686/03, § 41, ECHR 2009-...), (see X. v. Germany, no. 8769/79, Commission decision of 16 July 1981, Decisions and Reports 25, p. 240, and Müller-Eberstein v. Germany, no. 29753/96, Commission decision 27 November 1996). Եվրոպական դատարանը գտել է, որ այս սկզբունքները կիրառելի են սույն գործի կապակցությամբ: Մասնավորապես, դիմումատուի գործը քննվել է երկու դատական ատյաններում` լիազորությունների ամբողջ ծավալով, ներկայացնելով իրենց որոշումների մանրամասն պատճառաբանություն: Վճռաբեկ դատարանը, որտեղ վարույթը սահմանափակված է միայն իրավունքի վերաբերյալ հարցերով և որի դերը օրենքի միատեսակ կիրառության ապահովումն է և դրա զարգացումը, ունի ընդունելության նախնական ընթացակարգ, որը վերաբերում է նրան, թե արդյոք ներկայացված բողոքը բավարարում է ՀՀ դատավարությունների օրենսգրքերի պահանջներին: Անդրադարձ կատարելով Վճռաբեկ դատարանի 2007 թվականի հունվարի 15-ի որոշմանը՝ չի կարելի ասել, որ դրանում շարադրված պատճառաբանությունները հակասում են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին (Բենիամին Ներսիսյանն ընդդեմ Հայաստանի, գործ թիվ 15371/07, 19.01.2010 թ): Դեռ ավելին, Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների որակի մասին է վկայում այն փաստը, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներում վկայակոչվում են Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներն այն գնահատմամբ, որ դրանք համապատասխանում են Եվրոպական կոնվենցիային անգամ այն դեպքերում, երբ ներպետական օրենսդրությունը դեռևս դրան հակասում է (Գասպար Պողոսյանն ընդդեմ Հայաստանի, գործ թիվ 44068/07, 20.12.2011 թ.)։
ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայան
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arsen.babayan.cc/posts/4255773530925?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել