Երջանիկ այն ժամկետային էի, ովքեր համեմատաբար հանգիստ ու լավ ստորաբաժանում ընկան: Չնայած զինատեսակը ծանր էր, սակայն իմ մարտկոցի (ստորաբաժանում) սպայական կազմը հիանալի մարդկանցով էր համալրված: Մարտկոցի հրամանատարը կապիտան Մելքումյանն էր` կամբատս: Երբեք չեմ մոռանա նրան, այնքան խելացի ու համեստ մարդ էր, որ երբեք իր իշխանությունն ու հնարավորությունները որոշների նման չէր չարաշահում: Կամբատս երևանցի տղա էր: Հետո իր հիվանդության պատճառով փոխել էր բնակության վայրն ու եկել Արցախ: Ապրում էր Մարտակերտի Մոխրաթաղ գյուղում, ամուսնացած էր և ուներ երկու երեխա: Տառապում էր երևանյան հիվանդությամբ, մեկ- մեկ ինձ թվում էր, թե այլևս նա ոտքի չի կանգնի, սակայն Աստված նրան միշտ հանում ու դրոշակ էր տալիս, ու նա էլ առաջնորդում էր մեզ: Այո՛, առաջնորդում էր, որովհետև նա սպա էր: Երբ սկսում էին նրա այդ անտանելի պրիստուպները, գալիս էր զորանոց՝ կազառմա, պառկում էր, զինվորներին խնդրում էր, որ իրենց լավ պահեն, և ինքը հեսա «Դզվի ու գա»: Գնում, նստում էի կողքը, նստում էի ու ուզում էի, որ կամբատս ջղայնանա, գոռա, սաղին ասի՝ պիդառաձներ շարվեք, բայց տենց խեղճ չլինի, որովհետև իրա խեղճ լինելուց խեղճանում էի ես:
Սևակը համեմատաբար երիտասարդ էր կամբատից: Նա գյումրեցի տղա էր, ամեն անգամ նրա հետ խոսելուց հասկանում էիր, որ բանակը, իրոք, իր տեղը չէ: Նա կարող էր շատ լավ ղեկավարել որևէ բիզնես, սակայն զինվորական գիտության մեջ էլ, չնայած երիտասարդ տարիքին, արդեն հասցրել էր մեծ բարձունքների հասնել: Զգացվում էր նաև, որ բարձրագույն հրամկազմը նրանից ինչ-որ տեղ ամաչում էր: Ես և Սևակը շատ մտերմացանք, մեր մտքերը համընկնում էին իրար, ու ամեն ինչ շատ լավ էր:
Չրաղյան ազգանունով սպա եկավ մեր մարտկոց նույն այն ժամանակ, երբ ես գնացի մարտկոց: Գագո էր անունը, նա սիրված տղա էր ամբողջ զինվորության կողմից, ու նրան բոլոր մտերիմները անվանում էին ՉՐՈ: Չրոն երևանցի էր, ավելի շատ բան էր տեսել, ավելի շատ բակային մանկություն, «ռազբոռկաներ» ու կյանքը ջոկում էր: Ա՛յ, Չրոն, իսկապես, բանակի համար չէր. նա այլ կյանքի տեր մարդ էր: Չրոն էլ ժամանակի հետ դարձավ ինձ ընկեր ու բարեկամաբար էր ամեն ինչ: Այս երեք մարդիկ իմ վերադաս հրամանատարներն էին, նրանց էի զեկուցում առաջինը ես:
Արդեն 98 օրվա ծառայող էի, երեք ամիս էր անցել: Մեր ամբողջ գունդը պատրաստվում էր ճամբարային հավաքների: Ճամբարային հավաքներն ավելի տարածված ռուսերենով ասում են պալիգոններ: Դա իմ առաջին պալիգոններն էր: Ամբողջ գնդի կազմով մեկ մարդու նման ավտոշարասյուն կազմվեց, հրամանատար Ջալալը սկզբից, մնացածները նրա հետևից դրոշակներով տեղափոխվեցին ուսումնական կենտրոն: Այստեղ մենք պետք է մեկ ամիս դաշտային վարժություններ կատարեինք, իսկ վերջում մարտական կրակոցով ավարտեինք ուսումնական հավաքները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harutyun.mkrtchian/posts/3004235120272?ref=notif¬if_t=notify_me
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել