Armenpress.am-ը գրում է․

Հայաստանի արտաքին գործերի նախարար  Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 8-ին  հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսի հետ, ով գտնվում է Հայաստանում մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի աշխատանքներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, գոհունակություն հայտնելով վերջին շրջանում հայ-լիտվական հարաբերություններում առկա դրական դինամիկայի կապակցությամբ՝ երկու երկրների արտգործնախարարները քննարկել են ոլորտային համագործակցությունն առավել խորացնելու ուղղությամբ ձեռնարկվելիք համատեղ քայլերը: Որպես առաջնահերթություն նախարարներն ընդգծել են տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարության ոլորտը՝ այդ առնչությամբ կարևորելով երկու երկրների փորձի փոխանակման ուղղությամբ նախագծերի և ծրագրերի ձեռնարկումը:

Զոհրաբ Մնացականյանը և Լինաս Լինկյավիչուսը կարևորել են նաև երկկողմ բարձրաստիճան պարբերական շփումների անցկացումը, ինչպես նաև բազմակողմ ձևաչափերում փոխգործակցություն խորացումը: Այս համատեքստում Հայաստանի և Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն արժևորել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը՝ որպես շփումների կարևոր հարթակ, և համոզմունք հայտնել, որ Երևանում անցկացվող նախարարական 35-րդ համաժողովը և 17-րդ գագաթաժողովն իրենց ուրույն նպաստը կբերեն Կազմակերպության առավել ամրապնդմանը՝ հիմնված Ֆրանկոֆոնիայի հռչակած արժեքների և սկզբունքների վրա:

Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական Միություն փոխգործակցության, ինչպես նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում բամզակողմ և երկկողմ համագործակցության խորացման հեռանկարների շուրջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել