Երգչուհի Լիլուն նոր ֆոտոշարք ունի, որն արել է Ani Agassi-ի հետ: Ինչպես երգչուհին է նշում, միասին աշխատելու գաղափար վաղուց են ունեցել, բայց երկուսի զբաղվածության պատճառով հետաձգվում էր. «Շատ եմ հավանում նրա աշխատանքները, նա լրիվ նոր ոճում է ստեղծագործում: ԱՄՆ-ում աշխատում է շատ հայտնի մոդելների և ճանաչված մարդկանց հետ»: Լիլուն տրամադրել է իր նոր ֆոտոշարքը և պատասխանել նորաձևության մասին մի քանի հարցերի:

«Նորաձև հագնվելն ինձ համար առաջին հերթին նշանակում է հարմարավետություն: Երբեք չեմ կրի այնպիսի հագուստ, որն ինձ անհարմարություն է պատճառում, եթե անգամ այն նորաձև է: Իհարկե, հետևում եմ նորաձևության թրենդներին, բայց ինձ համար վերցնում եմ այն, ինչն ավելի համապատասխան է իմ ոճին»,- BlogNews.am-ի հետ զրույցում նշեց երգչուհին:

Չնայած երչուհին հաճախ փոխում է ոճը, բայց ամեն դեպքում հավատարիմ է մնում իր սիրելի դասական ոճին․ «Իհարկե, չեմ կարող միշտ դասական հագուստ կրել, օրվա մեջ ինձ կարող եք տեսնել նաև սպորտային հագուստով: Ես բեմի մարդ եմ, իհարկե, կրում եմ նաև երեկոյան զգեստներ, և հիմնականում հագուստի ընտրությունը կախված է օրվա ընթացքում իմ հանդիպումներից»:

Հագուստ գնելիս ուշադրություն չի դարձնում՝ այն բրենդային է, թե ոչ, կարևորը, որ սրտով լինի ընտրությունը. «Բրենդային հագուստներ ունեմ զգեստապահարանումս, բայց պարտադիր պայման չէ, որ բոլոր հագուստներս բրենդային լինեն: Շատ սիրում եմ Alexander McQueen-ը, Dolce and Gabbana-ն, իսկ ամենասիրելի բրենդը Max Mara-ն է: Դասական ոճի հագուստը հիմնականում այնտեղից եմ գնում»:

Երգչուհին ուշադրություն չի դարձնում հագուստի արժեքին, կարող է անգամ ամենաթանկ և ամենէժան զգեստը գնել բացառապես այն դեպքում, եթե հավանել է: «Իհարկե, այնպես չէ, որ աստղաբաշխական գումարներ եմ ծախսում հագուստի վրա: Բախտս բերել է, որ շորասազ եմ և հեշտ եմ հագուստ ընտրում»:

Հայտնի մարդ լինելու փաստը երգչուհուն չի խանգարում տանից դուրս գալ առանց դիմահարդարման և սպորտային հագուստով. «Պարտադիր չէ, որ հայտնի մարդը միշտ լինի բարձրակրունկներով, ես բարձրակրունկ  հագնում եմ, երբ բեմում եմ և կարևոր հանդիպման ժամանակ, իսկ առօրյայում սպորտային հագուստ եմ կրում»:  

Լիլուի զգեստապահարանում բացակայում է մանուշակագույնը, վարդագույնը, կապույտը, իսկ հիմնականում կրում է կարմիր, արծաթագույն, սև, սպիտակ: Իսկ տանից կազմ-պատրաստ դուրս գալու համար մոտ երկու ժամ է պահանջվում, այն էլ՝ այն դեպքում, եթե ինքն է զբաղվում իր տեսքով:

«Ես ունեմ հագուստներ, որոնք ես չեմ կրում, բայց շատ սիրում եմ և տարիներով կարող եմ պահել, անգամ եթե, օրինակ, արդեն մաշվել է: Ի դեպ, ես հագուստը, կոշիկը շատ լավ եմ պահում, հագուստ ունեմ, որ տասը տարվա է, բայց երբեք չես զգա: Բավականին նուրբ եմ վերաբերվում իմ իրերին»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել