Նիդերլանդներ

Նիդերլանդներում ուսումնական տարին սկսվում է օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին՝ կախված շրջանից։ Մինչև 10 տարեկանը երեխաներին տնային հանձնարարություններ չեն տալիս, և մինչև 12 տարեկանը նրանք չեն ունենում քննություններ ու թեստեր։ Գիտելիքները գնահատվում են 10-բալանոց համակարգով։ Բավարար է համարվում 6 գնահատականը։
Հոլանդական դպրոցներում հատուկ դասեր կան՝ նվիրված սեռական դաստիարակությանը, ալկոհոլի և թմրամիջոցների վնասակարությանը։ Երեխաներն անգամ քննություներ են հնձնում այս առարկաներից և գնահատականներ են ստանում։
Բացակայություններին ու ուշացումներին այստեղ շատ խիստ են վերաբերվում։ Անհարգելի պատճառներով սիստեմատիկ բացակայությունների արդյունքում երեխաներին կարող են տուգանել կամ անգամ նրանց ծնողներին մեկամսյա կալանավորման ենթարկել, իսկ դեռահաս աշակերտին՝ հասարակական աշխատանք տրամադրել։
Գերմանիա

Գերմանիայում ուսումնական տարին հիմնականում սկսվում է սեպտեմբերի երկրորդ շաբաթից։
Գնահատականներ նշանակում են 3-րդ դասարանից սկսած այն դեպքում, եթե ծնողները համաձայնում են։ Իսկ 4-րդ դասարանից գնահատականները պարտադիր են։ Գործում է 6-բալանոց համակարգ. ամենաբարձր գնահատականը 1-ն է, ամենացածրը՝ 6-ը։
Տարրական դպրոցից հետո երեխաներին, կախված նրանց ունակություններից և նրանց ու ծնողների ցանկությունից, բաժանում են խմբերի՝ հիմնական դպրոց, իրական դպրոց և գիմնազիա։ Հիմնական դպրոցից հետո հնարավոր է մասնագիտական քոլեջում շարունակել ուսումը կամ սկսել աշխատել, օրինակ, որպես վարորդ կամ վաճառող։ Իրական դպրոցի շրջանավարտները կա՛մ մասնագիտական քոլեջներ են տեղափոխվում, կա՛մ շարունակում են ուսումը գիմնազիայում։ Գիմնազիան իր հերթին դռներ է բացում դեպի բուհ։
Դասամիջոցների ժամանակ երեխաներին պարտադիր կարգով ուղարկում են բակում խաղալու։ Յուրաքանչյուր դպրոց ունի իր սեփական մանկական հրապարակը։
Գերմանիայում դպրոցական տարիքից սովորեցնում են կանոններով հեծանիվ վարել։ Երեխաները ոստիկաններին քննություն են հանձնում և ստանում իրական վարորդական իրավունք։
Հյուսիսային Կորեա

Հյուսիսային Կորեայում ուսումնական տարին սկսվում է ապրիլի 1-ին։ Առաջին կիսամյակն ավարտվում է հուլիսի 31-ին։ Իսկ երկրորդ կիսամյակը սկսվում է սեպտեմբերի 1-ին և ավարտվում է դեկտեմբերի 31-ին։
Դպրոցական կրթությունը հիմնած է խորհրդային համակարգի վրա։ Բացի հիմնական առարկաներից՝ աշակերտներն ուսումնասիրում են նաև քաղաքական կուրսեր, ինչպիսիք են «կոմունիստական բարոյականությունը», «կոմունիստական կուսակցության քաղաքականությունը», «մեծ Միկ Իր Սենի կյանքը»։
10 տարեկանում հյուսիսկորեացի երեխաները պարտադիր կերպով ընդգրկվում են Երեխաների միության կազմում։ Սկզբում այնտեղ ընդունում են միայն գերազանցիկների, այնուհետև միջակներին, ապա՝ մյուսներին։ Միության անդամները կարմիր փողկապներ են կրում։
Հյուսիսային Կորեայում, ինչպես նախկինում, այսօր էլ ընդգրկում են գյուղատնտեսական և շինարարական աշխատանքների մեջ։ Ամենաարտասովոր էքսկուրսիան, նշում են երեխաները, այն էր, երբ նրանց տարան՝ դիտելու մահապատժի իրականացում։
Հարավային Կորեա

Հարավային Կորեայում առաջին կիսամյակը սկսվում է մարտի 1-ին, երկրորդը՝ օգոստոսի վերջին։
Կորեական դպրոցներում յուրաքանչյուր աշակերտ ունի իր հերթական համարը՝ դասարան, խմբի համար և ցուցակում աշակերտի համար։ Աշակերտների ցուցակը կազմվում է ոչ թե ըստ այբբենական հերթականության, որին մենք սովոր ենք, այլ ըստ ծննդյան ամսաթվի։ Հավասարությունը պահպանելու համար ամեն տարի տարբեր դասարանների աշակերտներին ու ուսուցիչներին փոխում են տեղերով։
Ցածր դասարաններից սկսած՝ կորեացի աշակերտներին պատրաստում են ավարտական քննություններին։ Դրա համար ավագ դասարանների աշակերտները շաբաթական 5 օր մնում են դպրոցում մինչև գիշերվա 22։00-23։00-ն, իսկ հանգստյան օրերին պարապմունքներ են անցկացնում տարբեր խմբակներում կամ ուսուցիչների հետ։ Քննության օրերին փակում են ճանապարհները, որպեսզի խցանումների արդյունքում աշակերտները չուշանան։ Արգելվում են նաև ինքնաթիռների թռիչքները, որպեսզի դրանց աղմուկը չխանգարի երեխաներին։
Շվեյցարիա

Շվեյցարիայում ուսումնական տարին, կախված շրջանից, սկսվում է օգոստոսի կեսին կամ սեպտեմբերի սկզբին։
Դպրոց ընդունվելուց առաջ երեխայի հետ զրուցում է հոգեբանը, որպեսզի գնահատի նրա հոգեբանական հասունությունը։ Եթե հոգեբանը որոշում է, որ երեխան դեռ պատրաստ չէ դպրոց հաճախելու, ապա ծնողներին խորհուրդ է տալիս հաջորդ տարի փորձել։
Որոշ շվեյցարական դպրոցներում, բացի հոգեբաններից, դասարանի հետ աշխատում է նաև ատամնաբույժը, որի ծախսերը հոգում է պետությունը։ Աշակերտներին խստորեն արգելվում է դպրոց սմարթֆոններ բերել։ Նրանք կարող են առանց թույլտվություն խնդրելու պետքարան գնալ կամ խմել։ Դասերի ընթացքում պատասխանելու համար երեխաները ոչ թե ձեռք, այլ մատ են բարձրացնում։



