Հոկտեմբերի 20-ին տեղի կունենա դիզայներ Անահիտ Սիմոնյանի հագուստների առաջին ցուցադրությունը, որը համընկել է  «Միսս Աշխարհ 2014» գեղեցկության մրցույթի հաղթող Յուլյա Ավագյանի ծննդյան օրվա հետ: Երեկոյի բացառիկ մանրամասներն աղջիկները վստահել են BlogNews.am-ին: Երկար տարիներ աշխատելով հայկական նորաձևության բնագավառում՝ Անահիտ Սիմոնյանն առաջին անգամ է կազմակերպում ցուցադրություն, ասում է՝ ուզում էր՝ պարզապես հիշվող լիներ:

«Ցուցադրությանը ներկայացվող հագուստները լինելու են մեր ապրանքանիշի ոճում՝ հայկական էլեմենտներով հարուստ, ինչպես նաև օգտագործելու ենք մեր հայկական զարդանախշերը, տառերը, որպեսզի հայկական շունչը զգացվի: Պլանավորում ենք նաև հայկականը միքսել ժամանակակից և թրենդային ոճի հետ: Ի դեպ, ցուցադրությունը նկարահանելու է նաև հեղինակավոր Fashion TV-ն, և սա առաջին դեպքն է, երբ հայ դիզայների ցուցադրությանը նրանք ներկա են լինելու: Ես շատ ուրախ եմ այս առիթով, քանի որ արդեն վեցերորդ տարին է, ինչ աշխատում ենք, բայց չենք ունեցել ցուցադրություն»,- նշում է Անահիտը:

Անահիտը և Յուլյան ծանոթացել են այն ժամանակ, երբ Յուլյան կարճաժամկետ այցով Երևանում էր. «Երբ Երևան եկա, պատահական հայտնվեցի Անահիտ Սիմոնյանի խանութում և շատ հավանեցի այն հագուստը, որը նա անում էր: Որոշ ժամանակ անց մենք ծանոթացանք, և ես նրան՝ որպես մարդու էլ շատ հավանեցի: Անահիտը շատ գեղեցիկ, հետաքրքիր, ոճային անձնավորություն է, և նրա պատկերացումները նորաձևության մասին շատ մոտ են ինձ, դրա համար ես որոշեցի համատեղ հավաքածու ստեղծել: Վստահ եմ՝ մեր ստեղծած հագուստները ևս կսիրվեն:

Ի դեպ, երեկոյի անակնկալներից մեկն էլ ռուսական աստղերի՝ Ջիգանի, Օլգա Բուզովայի, Սերգեյ Զվերևի ներկայությունն է, իսկ երեկոն վարելու է Քսենիա Բորոդինան. «Նրանք գալիս են ինձ շնորհավորելու, քանի որ իմ ընտանիքի մտերիմ մարդիկ են»:

Յուլյան և Անահիտը նաև կապսուլային հավաքածու կունենան, ներկայացնելու են երեկոյան զգեստների հավաքածու: «Սա սովորական ցուցադրություն չի լինելու, էլ ավելի հետաքրքիր անակնկալներ են սպասվում, սակայն փակագծերը դեռ չեմ բացի: Այս ընթացքում աշխատում եմ հագուստների վերջնական տեսքի վրա, ինչպես նաև ընտրում եմ մոդելներին»,- եզրափակեց Անահիտը։

 Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել