1996 թվականի աշնանը շատ լարված էր։ Հանրապետության ողջ իրականությունը խեղաթյուրված։ Ես շատերի նման փողոցում էի, շատերի նման պայքարում էի անարդարությունների, կոռուպցիայի, կաշառակերության և բարոյալքման դեմ։ Այն ժամանակ մենք՝ երտասարդներս, որպես ակտիվիստներ պայքարում էինք Վազգեն Մանուկյանի թիմում, որը մեզ ուղղորդում էր դեպի արդարություն, դեպի լուսավոր Հայաստան։ Մենք հավատացած էինք, որ հաղթելու ենք անարդար ռեժիմին, որն ամբողջովին այլակերպել էր մեր իրականությունը։ Հավատացած էինք, որ մենք ենք տերը մեր երկրի։ Սակայն ունենալով կոռումպացված և տոտալիտար, մոնոլիտ իշխանություն՝ ի դեմս Լևոն Տեր-Պետրոսյանի, չէինք գիտակցում, որ նրա և իր նմանների դեմ պայքարն անիմաստ է լինելու, որ նրանք ամեն գնով կառչած են մնալու իրենց աթոռներից և երբեք, անգամ հարյուր տոկոս հաղթանակի դեպքում չեն հանձնելու իշխանությունը։ Դա շատ դժվար էր պատկերացնել, քանզի մենք մտել էինք նոր Հայաստան կոչվող ժամանակաշրջանը և համոզված էինք, որ դեմոկրատիան ու ժողովրդավարությունն այլ արժեքներ են, բայց... արդարությունը մնաց բանտարկված։ Արդյունքում եղավ այն, ինչ եղավ, շատ չեմ ուզում մանրամասնել, որովհետև այդ պատմությունն անկախ Հայաստանի խայտառակ պատմական էջերում ամրագրված է։ 

1998 թվական։ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո հանրապետությունում ձևավորվեց նոր իշխանություն, որի արդյունքում Լևոն Տեր-Պետրոսյանն ընդունեց լռությունը և հայտարարեց, որ 10 տարի պահպանելու է լռությունը և չի խանգարելու նախագահ ընտրված Ռոբերտ Քոչարյանին։ Սա ի՞նչ որոշում էր և ինչո՞վ էր համոզված նախագահ Տեր-Պետրոսյանը, որ Քոչարյանը ղեկավարելու է 10 տարի։ Տպավորություն է ստեղծվում, որ այս ամենի մեջ կար ներքին պայմանավորվածություն։ Լավ, ինչևէ, անցնենք առաջ։ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին եղան բազմաթիվ իրադարձություններ։ Լավի և լուսավորի կողքին տեղ գտան նաև գորշ ու մթագնած գույները։ Արդյունքում եղավ այն, ինչ եղավ, շատ չեմ ուզում մանրամասնել, որովհետև այդ ամենը ևս անկախ Հայաստանի խայտառակ պատմական էջերում ամրագրվեց։ Արդարությունը կրկին մնաց բանտարկված։ 

2008 թվական, նախագահական ընտրություններ։ Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս եկավ 10 տարվա լռությունից և իշխանատենչության մղումով նորից հայտնվեց քաղաքական դաշտում։ Նախագահական պայքարը ռեալ ընթանում էր երկու թեկնածուների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի միջև։ 17 տարվա անկախ Հայաստանի պատմության արդյունքում ամենասկանդալային ընտրություններն արձանագրվեցին 2008 թվականին, որի արդյունքում ունեցանք 10 զոհ և տասնյակ վիրավորներ։ Նախագահ ընտրվեց Սերժ Սարգսյանը, որը և ձայների առավելությամբ հաղթեց Լևոն Տեր-Պետրոսյանին։ Սերժ Սարգսյանի իշխանության տասը տարիները լի էին կաշառակերության, կոռուպցիայի, օլիգարխիկ համակարգի, աղքատության և արտագաղթի փաստերով, որը և ստացավ ավազակապետություն անվանումը։ Արդյունքում եղավ այն, ինչ եղավ, շատ չեմ ուզում մանրամասնել, որովհետև այդ ամենը ևս անկախ Հայաստանի խայտառակ պատմական էջերում ամրագրվեց։ Արդարությունը կրկին մնաց բանտարկված։

2018 թվական, Սերժ Սարգսյանի հորինված նոր Սահմանադրության արդյունքում ՀՀ ԱԺ-ն նոր նախագահ ընտրեց Արմեն Սարգսյանին։ Իշխանասիրության նկատառումներով Ազգային ժողովը վարչապետ կարգեց Սերժ Սարգսյանին։ Արդյունքում եղավ այն, ինչ եղավ, շատ չեմ ուզում մանրամասնել, որովհետև այդ ամենը ևս անկախ Հայաստանի խայտառակ պատմական էջերում ամրագրվեց։

Սկսվեց թավշյա հեղափոխությունը, որի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը նոր Հայաստան ստեղծելու նպատակով համայն հայության ուժերով հեռացրեց Սերժ Սարգսյանին և վարչապետ ընտրվեց։ Ժողովրդական զարթոնք, հավատքի արթնացում, հրավառություն, լավ և արժանավայել ապրելու ապագա։ Նոր Հայաստան։ Հիմա հարց՝ ինչո՞ւ է դեռևս բանտարկված արդարությունը, ինչո՞ւ է այս համառոտ, բայց տարիների խորություն ունեցող մեր պատմության դառնությունների համար միայն և միայն մեղադրվում Ռոբերտ Քոչարյանը, ինչո՞ւ են լռում մնացած երկու նախագահները, ինչո՞ւ պատասխանատվության չեն կանչվում Լևոն Տեր-Պետրոսյանը և Սերժ Սարգսյանը, և վերջապես ինչո՞ւ այս հարցերի պատասխանները չեք տալիս ժողովրդին, պարոն Փաշինյան։ Ես չեմ ուզում չհավատալ հեղափոխությանը, չեմ ուզում չհավատալ Ձեզ, պարոն Փաշինյան, համոզեք ինձ և ինձ նման շատերին, որ այս հեղափոխությունն ուղղված չէ միայն մեկ անձի դեմ՝ Ռոբերտ Քոշարյանի և նրա մերձավորների։ Ես նույնպես, լցված սպասումներով, այսքան տարիներ ապրել եմ հայրենիքից հեռու՝ հավատալով, որ մի օր Արդարությունը դուրս կգա կալանքից, և ամեն մեկը կստանա իր արժանի դատաստանը։ Տվեք այս բոլոր «ինչու»-ների պատասխանը, եթե իրոք համարում եք, որ մենք ենք տերը մեր երկրի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել