Դա նշանակում է, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է կուսակցություններին, որոնք ներկայացնում են զարգացման ճանապարհներ, իսկ ժողովուրդը նրանց ասում է այո կամ ոչ: Նրանցից ով ամենաշատը «ԱՅՈ» է ստանում, նա էլ մոտակա 5 տարվա ընթացքում կառավարում է երկիրը, իսկ մնացածները քննադատում են:

Հիմա այս պարզ սխեման մտքում պահելով փորձենք հասկանալ, թե Հայաստանում ինչ վիճակ է տիրում:

Նախկիններն ուզուրպացրել էին իշխանությունը և երկրի ռեսուրսներն օգտագործում էին իրենց նեղ խմբակային շահերի համար: Դա ավազակապետության բովանդակությունն էր: 2016-ի ապրիլյան պատերազմի հետևանքով նրանք կորցրին իրենց լեգիտիմության վերջին փշրանքները, անգամ անվտանգությունը չէին կարող ապահովել: Դա վերջի սկիզբն էր: Վերջն այս տարվա ապրիլն էր:

Հիմիկվա հիմնական խնդիրն այն է, թե ինչ ենք անելու ու ոնց ենք ապրելու:

Իշխանությունը պատկանում է կուսակցություններին, ու չկա համապետական ընտրություններով ընտրվող նախագահ, որն արտակարգ իրավիճակներում կայունության երաշխավորը լիներ:

Կուսակցական համակարգը փլուզված է: Դա լրջագույն քաղաքական ու պետական ճգնաժամ է ենթադրում: Չկան վստահություն ունեցեղ կուսակցություններ, չկան և ապագայի նախագծեր:

Ցիկլը փակվել է մեկ անձի վրա, որի շուրջը համախմբվել են տարբեր մարդիկ, տարբեր նպատակներով: ՔՊ-ն գնալու է ՀՀՇ-ի և ՀՀԿ-ի ճանապարհով, որովհետև նրանց նման կառուցվել է իշխանության շուրջը և հանուն իշխանության: Դա մեղադրանք չէ, ուղղակի փաստ է:

Քաղաքական ճգնաժամի պայմաններում մենք զարգացման քաղաքական նախագիծ չենք ընտրելու, այլ ընտրելու ենք անձի, որն իր նախագիծը հանրությանը չի առաջարկել և, բնականաբար, նրա շուրջը հավաքված մարդիկ այդ չեղած գաղափարի ու չեղած նախագծի համար չեն նրա շուրջը համախմբվել: Սա փակ աչքերով ընտրություն է լինելու, այսինքն՝ ընտրելու ենք ընտրության բացակայության պայմաններում` շատերը հանուն Հույսի, քչերն՝ ավելի շոշափելի պառճառներով:

Հիմա սկսելու են հարցնել, թե բա՝ սա ինչի համար ես գրում ու ինչ ես առաջարկում: Ոչինչ էլ չեմ առաջարկում, իրավիճակն եմ նկարագրում:

2017-ի ընտրություններից հետո ընթադրել եմ, և դա կարելի է գտնել կայքերում, որ այս խորհրդարանը ժամանակավոր է, և որ իշխանությունը ընտրություններով չի փոխվելու: Դա կանխատեսում չէր, այլ դեպքերի զարգացման տրամաբանությունն ընկալելու փորձ: Հիմա էլ կարծես նմանատիպ վիճակ է: Այն խորհրդարանը, որը շուտով ընտրելու ենք, նույնպես, ըստ այդ տրամաբանության, պետք է ժամանակավոր լինի:

Հանրային վստահություն ունեցող կուսակցություններ երբ ձևավորվեն, մենք խորհրդարանական ճգնաժամ կունենանք, որովհետև ռեալ կուսակցությունները խորհրդարանից դուրս են լինելու, իսկ ներսում կառավարող նոմենկլատուր է ներկայացված լինելու: Հակասությունների շատ սրման պարագայում այլ ելք չի մնա, քան խորհրդարանի ցրումը, որովհետև իրավիճակը էլի փոփոխված կլինի, իսկ ժամանակը սկսել է արագ պտտվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել