Արագ փոփոխվող միջաազգային հարաբերություններից Ադրբեջանը փորձում է մաքսիմալ օգուտ ստանալ: Արդեն տեղեկացրել էինք, որ դեռ օգոստոսի 16-ին Ադրբեջանի Միլլի մեջլիսի «Իրավական հարցերի և պետական շինարարության» հանձնաժողովի նախագահ Ալի Հուսեյնլին ալիևյան ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում բացատրել է, թե ինչ օգուտներ կարող է ունենալ Բաքուն, եթե դառնա ՀԱՊԿ անդամ: ՀԱՊԿ անդամ դառնալու Հուսեյնլիի գլխավոր թեզիսներն են՝ «Պուտինյան ՆԱՏՕ-ի» անդամ դառնալով՝ Բաքուն կկարողանա հետ վերադարձնել, այսպես կոչված, օկուպացված տարածքները և նախնական համաձայն է հետ ստանալ Ջաբրայիլը, Ֆիզուլին և Զանգելանը և էժան գնով զենք կգնի Մոսկվայից: Այսինքն՝ Հուսեյնլիի շուրթերով Իլհամ Ալիևը Մոսկվային հասկացնում է, թե ինչի դիմաց է Ադրբեջանը պատրաստ դառնալ ՀԱՊԿ անդամ: Բացի այդ՝ Բաքվում նաև չեն վարանում հիշեցնել, որ ՀԱՊԿ անդամ Ղազախստանը, Բելառուսը և Տաջիկստանն ավելի շատ Ադրբեջանի ընկերներն են, քան Հայաստանի: 

Հուսեյնիլին այս հայտարարությունը պատահական չէր: Նա դա արեց ՌԴ նախագահ Պուտինի՝ Ադրբեջան այցելելուց մի քանի օր առաջ: Ապշերոնյան բռնապետը Պուտինի հետ բացահայտ առուվաճառք էր սկսել ՀԱՊԿ-ում Բաքվի անդամակցության շուրջ:

Պաշտոնական Երևանն այդ ժամանակ լռեց, սակայն հոկտեմբերի 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում, պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, որը վերաբերում էր ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցությանը, հայտարարեց. «Ադրբեջանը երբեք չի լինի ՀԱՊԿ-ի անդամ կամ նույնիսկ դիտորդ. Հայաստանը դա թույլ չի տա»։ Փաշինյանի այս պատասխանը հիստերիա է առաջացրել Բաքվում: Երկու օր մտածելուց հետո Իլհամ բաբան իր անձնական մանկլավիկ Հուսեյնլիի շուրթերով պատասխանեց Հայսատանին՝ սպառնալով, որ եթե Երևանը խոչընդոտի Բաքվի անդամակցությանը ՀԱՊԿ-ին, ապա, ինչպես ալիևյան ԶԼՄ-ներն են հեգնանքով ՀԱՊԿ-ն անվանում, «Պուտինյան ՆԱՏՕ»-ի անդամ երկրները կարող են դադարեցնել Հայաստանի անդամակցությանն այդ կազմակերպությունում:

Տկարամիտ Հուսեյնլին Հայաստանին սպառնալով վկայակոչում է ՀԱՊԿ կանոնադրության այն կետը, ըստ որի՝ ՀԱՊԿ անդամ երկրի անդամակցությունը դադարեցվում է կազմակերպությունում, եթե վերջինս չի կատարում իր ստանձնած պարտականությունները: Զավեշտալի բան է ստացվում։ Ե՞րբ է Հայաստանը պարտավորվել կողմ քվեարկել, եթե Ադրբեջանը ցանկանա դառնալ ՀԱՊԿ անդամ:

Ավելի մանկամիտ և անտրամաբանական սպառանալիք չէր էլ կարելի ակնկալել Ալիևի աշխատակազմից: Այս հիմարությունը նույնիսկ մեկնաբանել պետք չէ:

Եթե այսպես շարունակվի, ապա չեմ զարմանա,եթե շատ շուտով իրականությունից կտրված Իլհամ Ալիևը հայտարարի, որ ՄԱԿ-ի ինչ-որ կոնվեցիայի համաձայն՝ ՀՀ-ն պետք է ինքնալիկվիդացվի, քանի որ չի կատարում Ադրբեջանի ցանկությունները:

Իսկ Փաշինյանի՝ ԱԺ-ում արված հայտարարությունը շատ տեղին էր և ուղղված էր կոնկրետ հասցեատիրոջը՝ Բաքվին, չերազել մի բանի մասին, որը չի իրականանալու:

ՀԳ. Հետաքրքիր է, տեսնես Էրդողանը ԵՄ-ի հետ բանակցություններում, Ալիևի գործելաոճն ընդօրինակելով, ինչո՞ւ չի սպառնում այդ կազմակերության անդամ երկրներից, ասենք, Ավստրիային, Կիպրոսին կամ Հունաստանին, որ եթե վերջիններս շարունակեն ընդդիմանալ Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցությանը, ապա կվտարվեն ԵՄ-ից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել