Politik.am-ը գրում է.
Ամիսներ առաջ, երբ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուք սոցիալական ցանցում իրեն «բոշա» անվանող քաղաքացուն պատասխանել էր «բոշան դու ես», քաղաքական դաշտում մեծ աղմուկ բարձրացավ: Հատկապես ակտիվ էին այսօր իշխանության մեջ գտնվող շատ գործիչները: Եղան մարդիկ, ովքեր անգամ պահանջեցին Վիգեն Սարգսյանի հրաժարականը:
Այն որ Վիգեն Սարգսյանի պահվածքը սխալ էր ու դատապարտելի է քաղաքացու հետ նման վարվելակերպը՝ դա փաստը, սակայն ամիսներ հետո նոր իշխանությունները ապացուցեցին, որ իրենց և նախկինների տարբերությունը այդքան էլ մեծ չէ:
Երեկ մի քաղաքացի Կառավարության շենքի մոտ պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում՝ ասելով, որ վերջինս իրենից վախենում է, դրա համար է հետևի մուտքից շենք մտնում.«Լրիվ Սերժի համակարգն է: Ի՞նչ ունի մեզանից թաքցնելու: Նիկոլն ինքը հակահեղափոխական է»,-բարկացած հայտարարել էր կինը:
Բողոքող կնոջ որդուն տարիներ առաջ սպանել են և իր հավաստմամբ գործը չի բացահայտվում: Իր որդու սպանության գործով նա երկար տարիներ է ինչ պայքարում է: Իր դժգոհության պատճառն այն է, որ իրեն չեն լսել Սերժ Սարգսյանի իշխանության ներկայացուցիչները և չեն լսում Նիկոլ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները:
Եվ ահա այս կնոջ բողոքի մասին պատմող կայքերից մեկի հրապարակման տակ Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի ցուցակով ավագանի ընտրված Արթուր Իսպիրյանը գրում է. «Գիժ անտեր»:
Ու Արթուր Իսպիրյանի այս վիրավորական մեկնաբանությունը չի քննարկվում և ոչ մի հարթակում: ՔՊ-ականները չեն պահանջում նրան դուրս հանել իրենց ցուցակից, իսկ լրատվամիջոցներից շատերը լռում են, քանի որ հիմա ակտուալ չէ խոսել նոր իշխանությունների թերությունների մասին: