Բեն Ավետիսյանի ստեղծագործական կյանքում սկսվել է նոր էտապ։ «Կենտրոն» հեռուստաընկերության «Երևի» հեռուստասերիալում իր կերպարային գծի ավարտից հետո դերասանը նկարահանվում է «Էլենի օրագիրը 2»-ում։ BlogNews.am-ի հետ զրույցում Բենը պատմել է նոր աշխատանքի, առաջարկն ընդունելու դրդապատճառների ու նկարահանման հրապարակում տիրող մթնոլորտի մասին։
«Ներկայանում եմ Միկայի կերպարով, ով ևս ուսանող է ու մյուսների հետո սովորում է համալսարանում։ Պրոբլեմատիկ երիտասարդ է, ով ինչ-ինչ պատճառներով հայտնվել է բանտում ու մոտ 2 ամիս բացակայել դասերից, հետո նորից վերադառնալով՝ սկսում է բոլորին անհանգստացնել։ Միակ ինչ-որ առումով բացասական կերպարն է ու համով չարաճճիություններ է անում։ Պետք է ասեմ, որ նա, միանշանակ, տարբերվում է իմ մարմնավորած նախորդ կերպարներից։ Այստեղ ավելի շատ աշխատելու տեղ կա, ու գունային գամման ավելի շատ է»։
Դերասանի խոսքով՝ առաջարկը ստացել է ռեժիսորից, սակայն մինչև համաձայնվելը Բենը հաշվի է առել մի քանի կարևոր բաղադրիչ. «Դերն ընդունելուց առաջ ինձ համար ամենակարևոր բանն այն է, թե որ թիմի հետ եմ աշխատելու, ու իրենք որքան պրոֆեսիոնալ են։ Կարևոր է նաև կերպարային գիծը․ եթե ես նոր բան չունենամ տալու հեռուստադիտողին, ապա, միանշանակ, չեմ համաձայնվի, դա կլինի միօրինակություն։ Ավելի լավ է դադար վերցնեմ, հանգստանամ ու հետո լիցքավորված հետ գամ նոր ասելիքով։ Ես այդ հարցում ամբիցիոզ եմ։ Ռեժիսորի հետ քննարկել, հասկացել ենք կերպարի բնավորությունը, սցենարային զարգացումները, որտեղից ուր է գնալու, հետո համաձայնվել եմ»։
Խոսելով նկարահանման հրապարակում տիրող մթնոլորտի մասին՝ Բենը նշում է, որ խորթության զգացողություն երբևէ չի ունեցել. «Մեզ մոտ տիրում է առողջ ու պրոֆեսիոնալ մթնոլորտ, որովհետև հավաքված են իրենց գործի գիտակներ, աշխատում են բարձր որակով։ Կոնտակտը խաղընկերներիս հետ ստացվում է, հիմնական կազմի՝ Մարինկա Խաչատրյանի, Էդգար Իգիթյանի, Իննա Խոջամիրյանի, Մարիամ Ադամյանի հետ նկարահանվելու փորձ ունեմ, Հասմիկ Խոջյանն իմ համակուրսեցին է, Սիսիան Սեփանյանին ևս ճանաչում եմ, Միկա Ղափլանյանի հետ ծանոթացել եմ նկարահանման հրապարակում»։
Միանալով ամենառեյթինգային հեռուստասերիալի թիմին՝ դերասանը մտավախություն չունի՝ կսիրվի՞ արդյոք կերպարը, թե՞ ոչ։ Նրա համար առաջնայինը լավ խաղն է. «Կյանքում մտավախություն չեմ ունեցել մասնագիտական առումով, քանի որ մեր գործի մեջ կարևոր չէ՝ դու կսիրվես, թե ոչ, կարևորը՝ քո դերը լավ խաղաս ու հասկանաս կերպարդ։ Եթե ստացվում է խաղդ, արդեն սիրվում է այն։ Իսկ նախագծի ստացված լինելը միայն օգնում է ինձ ու գործը հեշտացնում է այնքանով, որ ունի հավատարիմ լսարան, բայց փոխարենն ավելանում է պատասխանատվությունը, որ ես կարողանամ կերպարն այնպես ներկայացնել, որ լինեմ թեմայի մեջ, դերասանական կազմի հետ համահունչ ու հարմոնիկ։ Իսկ ահա անհանգստություն ու ներքին տագնապ միշտ կա, որը, կարծում եմ, նույնպես օգնում է լավ խաղին։ Եթե այդ զգացողությունը չունենամ, կնշանակի՝ ամեն ինչ ավարտված է»։