Տեղեկացա, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտյան անդրադարձել է երեկ ԱԺ-ում հարցուպատասխանի ընթացքում իմ կողմից բարձրաձայնված խնդիրներին:

Ընդհանուր առմամբ, դրական եմ գնահատում նման հետևողականությունը, հավելեմ միայն, որ հատկապես վարչապետը պետք է առավել ճշգրիտ լինի իր գրառումներում և ինձ չվերագրի բաներ, որ ես չեմ ասել, մասնավորապես՝ ապակիների ջարդելու հետ կապված:

Կարճ հիշեցում և պարզաբանումներ:

1. ԱԺ պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի մասով

Մինչ մեր հարցուպատասխանը մամուլն արդեն անդրադարձել էր (հղումն՝ այստեղ և այստեղ), որ պատգամավորի մասնակցությամբ միջադեպ է եղել, որի արդյունքում պատգամավորի աշխատանքը խոչընդոտվել է: Ես իմ հարցում օգտագործել եմ «երեկ տեղի ունեցածով» բնորոշումը և ոչ թե պետական քարոզչամեքենայի կողմից հրամցվող «բռնություն» բառը: Հիմա որոշ ԶԼՄ-ներ և ոստիկանությունը հերքում են բռնությունը, բայց փաստացի հաստատում միջադեպը, ուստի փաստեմ, որ ես ԻՐԱՎԱՑԻ էի:

Կխնդրեմ վարչապետին հրահանգել ոստիկանությանը պարզելու, թե այդ միջադեպի արդյունքում ովքեր են խոչընդոտել Ռուզաննա Առաքելյանի, ինչպես նաև այլ պատգամավորների պարտականությունների կատարմանը: Մի փոքր հուշում էլ անեմ՝ նաև ՀՀ Քրեական օրենսգրքի 301.1 հոդվածը նայեք:

2. Ավտոմեքենաների մասով

Երեկ ԱԺ-ում նույն հարցուպատասխանի ժամանակ ասել եմ, որ մեքենաներ են վնասվել: Եվ խոսքը չէր գնում ԱԺ աշխատակազմի մեքենաների մասին, ինչպես որոշ ԶԼՄ-ներ ուղղորդված փորձեցին ներկայացնել: Նույն թեմային երեկ՝ մինչև վարչապետի այսօրվա գրառումը, անդրադարձել է նաև մամուլը (տես՝ www.hraparak.am կայքի «ԵՐԵԿ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ԽԱԶԵԼ ԵՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ, ԻՋԵՑՐԵԼ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՄԵՔԵՆԱՅԻ ԱՆԻՎՆԵՐԸ» հրապարակումը, որտեղ մատնանշաված է առնվազն երկու պատգամավորի անուն): Այլ պատգամավորների մեքենաների անիվների վնասում, մեքենաների վրա վիրավորական գրառումներ և խազեր նույնպես եղել են:

Եզրահանգելով՝ հորդորում եմ․

1. Վարչապետի մամլո ծառայությանը՝ ժամանակին և ամբողջությամբ տեղեկացնել Նիկոլ Փաշինյանին նման հրապարակումների մասին,
2. ՀՀ Ոստիկանությանը՝ ժամանակին և օպերատիվ արձագանքել մամուլի նմանատիպ հրապարակումներին և չսպասել վարչապետի հետ պատգամավորների հարցուպատասխանին:
3. Պատկան մարմիններին՝ ուսումնասիրել նշված հրապարակումները, այդ թվում՝ պատգամավորների աշխատանքը խոչընդոտելու ահազանգերը, և պատշաճ ընթացք տալ:

Պատրաստեմ հնարավորություններիս շրջանակներում ապագայում նույնպես վարչապետին իրազեկել և աջակցել ընտրողական մոտեցումներից խուսափելու և օրինականության պահպանման հարցերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել