Yerkir.am-ը գրում է.

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պնդում է, որ գարնանն իրենք պատրաստ ենք գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Այս մասին նա հայտարարեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով երեկ Նիկոլ Փաշինյանի և խմբակցությունների ներկայացուցիչների միջև տեղի ունեցած քննարկումներին:

«Այս ընթացքում պետք է կարգավորենք բոլոր օրենքները, մասնավորապես` Ընտրական օրենսգիրքը, և ապահովենք ԱԺ-ի բնականոն աշխատանքը»,- նշեց նա:

Ըստ Բաղդասարյանի` «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ անելու նախագիծը իր և վարչապետի` հոկտեմբերի 1-ի հանդիպումից առաջ է պետաիրավական հանձնաժողովում քննարկվել, բայց Փաշինյանը որևէ բան չի ասել դրա վերաբերյալ:

«Երեկ առավոտյան ինձ զանգ է եղել, որ չդնենք քվեարկության, որպեսզի գան և քննարկեն: Դրանից հետո վարչապետը եղել է ինձ մոտ և ասել, որ դեկտեմբերին գնում ենք արտահերթ ընտրությունների: Մասնագետները պնդում են, որ այդ փոփոխությունն ԱԺ կանոնակարգում չի կարող ազդել արտահերթ ընտրությունների վրա»,- ասաց նա:

Խոսելով գիշերը տեղի ունեցած քննարկումների մասին՝ Բաղդասարյանը նշեց, որ դա բանակցություն չի եղել, այլ վարչապետը եկել էր իրազեկելու, որ դեկտեմբերին գնում ենք ընտրությունների: «Մենք, բնականաբար, դեկտեմբերի հետ կապված որևէ քննարկում չենք կազմակերպել, քանի որ դա տրամաբանական չէ՝ առանց քաղաքական ուժերի հետ բանակցելու»,- ընդգծեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել