Այսօր դպրոցական Վերջին զանգն էր և տեսնելով առաջացած աժիոտաժը՝ միանգամից վերհիշեցի մեր ժամանակների Վերջին զանգերը, որոնք լիովին տարբերվում էին նրանից, ինչին ականատես եղա այսօր: Մեր ժամանակ Վերջին զանգը ասոցացվում էր դպրոցը ավարտելու և նոր կյանք մտնելու գիտակցության հետ, ինչին մեզ 10 տարիների ընթացքում տրամադրում էին մեր ուսուցիչները, իսկ այսօրվա իրականությունը լիովին այլ է: Դպրոցներում տիրող մթնոլորտը ավելի շատ ինձ հիշեցրեց ունեցվածքի ցուցադրության մրցույթ, որը արդեն դրսում տիրող իրավիճակի մեղմ մեկնաբանությունն էր: Այս անգամ Վերջին զանգի արարողության ճոխությունը ավելի ակնառու էր, բայց ամենազարմանալին ավտոմեքենաների ղեկին նստած ծնողներն էին: Նախորդ տարիներին բազմաթիվ ՃՏՊ-ներ էին լինում, և հիմնական պատճառը հենց ալկոհոլի ազդեցության տակ գտնվող դպրոցականների ղեկին հայտնվելն էր, սակայն այս տարի ինձ հանդիպած «վերջինզանգյան» մեքենաների գերակշռող մասի ղեկին նստած էին դպրոցականների ծնողները, որոնց ներկայությունը նաև զսպվածություն էր ապահովում դպրոցականների շրջանում: 
Հ.Գ. Ինչևէ, անցյալը ներկայի հետ համեմատելով կարելի է թե՛ լավը և թե՛ վատը արձանագրել, բայց ամենակարևորը այն է, որ չնայած հասարակության շրջանում տիրող բացասական տրամադրություններին՝ ակնառու էր նախկինում խախտումներով և պատահարներով հայտնի օրվա դրական ավարտի միտումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել