Ցավ էր մեզ համար լսել մեր ժողովրդի մեծանուն և տաղանդաշատ զավակ Շառլ Ազնավուրի մահվան լուրը:
Վշտալի է կորուստը արժանավոր հայորդու, ով հարազատ ժողովրդի փառքն ու պատիվը հավելեց ու պայծառացրեց իր հռչակով, շնորհներով, բարձր արվեստով և աշխարհի տարբեր երկրների հայտնի բեմերում հնչեցրած իր անզուգական կատարումներով:

Այսօր մխիթարությամբ ենք անդրադառնում, որ բարեհիշատակ Շառլ Ազնավուրը հոգով ու սրտով միշտ եղել է Հայաստանի հետ, հպարտացել իր ազգային ինքնությամբ: Մեր ժողովրդին պատուհասած աղետալի երկրաշարժի օրերին Ազնավուրը երգեց ժողովրդի ցավը շատ հայտնի երգիչների հետ, իր բոլորանվեր ջանքերը բերեց Հայաստանի օգնության համար: Նրա հանրահայտ երգերի շարքում են նաև Հայաստանին, Ցեղասպանության սուրբ նահատակներին նվիրված ստեղծագործությունները, որոնք վերստին բացահայտում են մեծանուն հայորդու հայրենասեր ու ազգանվեր ոգին: 

Շառլ Ազնավուրի մահը կորուստ է ողջ աշխարհի համար, քանզի նա իր համաշխարհային ճանաչումով ու արժեքով նաև ողջ մարդկության զավակն է, որին գիտեն, սիրում են և ում համար այսօր աղոթում են ամենուր: Մեր աղոթքն ենք բարձրացնում առ Աստված մեծանուն հայորդու հոգու հանգստության համար:

Հոգելույս Շառլ Ազնավուրը մեզ թողեց իր վառ կերպարը, հիասքանչ երգերը, սերն ու բարությունը և երկրավոր ճանապարհը ավարտելով՝ շարունակում է իր ընթացքը դեպի հավերժություն և հավիտենական կյանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել