Լա՞վ է, որ ներկա պահին ՀՀ ԱԺ ընտրություններ ունենալու դեպքում Նիկոլ Փաշինյանը կհավաքի քվեների, մեծ հավանականությամբ, 70 տոկոսը, եթե ոչ ավելին: Վատ է: Բայց նա այդ քվեները կհավաքի ազատ, արդար ընտրություններով: Այդպիսին կլինի ընտրողների կամքը: Սա լավ է:
Լա՞վ է, որ ընտրողների կամքն այսպիսին կլինի: Կուզենայի գրել՝ ոչ, լավ չէ, բայց չեմ կարող այդպես գրել: Չեմ կարող այդպես գրել, որովհետև, ցավոք, ընտրողները հավատ չունեն ընտրություններին հայտ ներկայացնող միավորների նկատմամբ: Իսկ նրանց հավատ չունենալն արդեն փորձի հետևանք է, ոչ թե տեսությունների: Ընտրողներն իրենք են որոշում ում ընտրել, և ես չեմ կարող գրել, որ ընտրողների կամքը վատ կամք է: Դա ընտրողների կամքն է: Լավ է արդեն այն, որ ընտրողը կամք է ունենալու առանց արտաքին ճնշումների:
Մենք այս վիճակին հասել ենք նախորդ բոլոր կեղծված, ճնշված, կաշառված, լցոնված ընտրությունների հետևանքով: Թե՛ նախագահական, թե՛ Ազգային Ժողովի: Երկու դեպքում էլ ամեն ինչ արվել է միանձնյա կառավարման համար, ամեն ինչ արվել է, որ ընտրողը կողմնորոշվի անձի, ոչ թե ծրագրի, գաղափարի կողմը: Կողմնորոշվի փողով, կաշառքի այլ նյութով, ծանոթով, վարչական լծակով, վախով: Չեն աշխատել ընտրողի կամքը շահելու համար: Հիմա հնձում ենք այն, ինչ ցանել ենք:
Այս պահին սա մնացած բոլորի կուսակցական շահերի համար վատ է: Բայց ո՞ր կուսակցությունն է, որի շահը ընտրողների 20, 30, 40 տոկոսի շահին կամ այդ շահի մասին պատկերացումներին կհամապատասխանի: Դրա որոշողն ընտրողն ինքն է, իհարկե, և արդեն դրա համար՝ փառք Աստծո:
Ինչպե՞ս համոզել ընտրողին, որ երկրի համար բազմակարծիք խորհրդարանը կարևոր է: Այդ գործը ոչ մի դեպքում չպետք է Նիկոլին թողնել: Նիկոլին թողնել նշանակում է, որ նա նախապես պիտի որոշի ապագա խորհրդարանի կազմը, ընտրի իրեն հարմար կուսակցություններին, որոշի նրանց տոկոսները և այլն, միով բանիվ վերարտադրի անցյալի ընտրությունները: Հուսով եմ՝ Նիկոլը սա չի անի, հենց միայն այս քայլով նա կկորցնի ողջ հեղափոխությունը: Ուրեմն՝ մնում է իրական պայքարը հավակնող կուսակցությունների միջև:
Նրանց մի մասն ուզում է կամ ասում է, թե ուզում է Նիկոլի կողքին կանգնել, մյուս մասը Նիկոլին լիովին թշնամի է ընկալում: Կողքին կանգնել ուզողներին թողնենք, բայց թշնամիներն ինչո՞ւ հենց հիմա չեն աշխատում իրենց կառուցողական ծրագրերով ընտրողներին շահել:
Որովհետև չեն հավատում, որ կշահեն: Եթե չեն հավատում, ուրեմն՝ չեն հավատում նախ և առաջ իրենք իրենց, իրենց ծրագրերին, իրենց էներգիային և գլխավորը՝ իրենց կարողություններին: Եթե իրենք չեն հավատում, ինչպե՞ս հավատա ընտրողը: Եթե նույնիսկ նրանք բոլորը միաբերան գոռան, թե տեսեք՝ ինչքան վատն է Նիկոլը, և ինչքան լավն ենք մենք, ընտրողը նրանց չի հավատալու, ընտրողը հավատալու է իր նախորդ փորձին: Չեն հավատում նաև, որովհետև ընտրողի հետ խոսել չգիտեն, միայն հին մեթոդներին են տիրապետում՝ կազմակերպել վարչա-հրամայական ընտրություններ, գնալ ընտրողների հետ ցուցադրական հանդիպման, վատ թաքցրած տհաճությամբ դատարկ ճառեր ասել և վերջում թվեր նկարել: Թատրոն՝ մի խոսքով: Բայց հիմա արդեն թատրոնին չեն վստահում, նախ՝ չեն կարողանա թվեր նկարել, և հետո՝ ընտրողն արդեն այդ փուլից դուրս է եկել: Վերակառուցվել էլ չեն կարողանում, որովհետև վերակառուցվելը նախ և առաջ իրատեսական ծրագիր է, որին պիտի նախ իրենք հավատան, որպեսզի հավատա նաև ընտրողը, վերակառուցվելն աշխատանք է, տևական, հետևողական աշխատանք, որին սովոր չեն:
Այստեղ անիմաստ և ավելորդ է խոսել պոպուլիզմի մասին: Պոպուլիստ են եղել և պոպուլիստական բառամթերքով են աշխատել նախորդ բոլոր կուսակցությունները, և ընտրողը դրանց չի հավատացել: Չի հավատացել խոստումներին, ապահով Հայաստանին, նույնիսկ իր փողոցի ասֆալտի խոստումին չի հավատացել: Եվ հետո էլ խոստումների կատարում չի պահանջել, որովհետև ոչ դրանց հավատացել է, ոչ էլ դրանց համար ընտրել:
Արդյունքում մեզ իսկապես կարող է սպառնալ միաբևեռ Ազգային ժողով: Եվ որքան էլ պարադոքսալ հնչի, դրա մեղավորը Նիկոլը չի լինի: Բայց երկիրը կկորցնի: Ինչպե՞ս անենք, որ այլակարծիք կուսակցություններն աշխատեն: