B4b.am-ը գրում է.

Մեր հայրենակիցներիցներից շատերն են այսպիսի խնդիր ունեցել. ենթադրենք՝ խախտել եք ճանապարհային երթևեկության կանոնները, տուգանվել 20 հազար դրամով, ինչ-ինչ պատճառներով ուշացրել եք վճարումը և գործը հասել է ԴԱՀԿ (դատական ակտերի հարկադիր կատարման) ծառայություն։

Եթե հաշիվ ունեք 2 կամ 3 բանկերում, և այդ հաշիվներից յուրաքանչյուրի վրա կա 30 հազար դրամ (ընդհանուր՝ 90 հազար), ապա ԴԱՀԿ արգելանքի հետևանքով կկարողանաք օգտագործել ոչ թե 70 հազար դրամը (կարծելով, որ 20 հազար դրամն է արգելանքի տակ), այլ՝ 30 հազարը։ Ինչո՞ւ։
Որովհետև  «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի համաձայն՝ հարկադիր կատարողը պարտապանի բանկային հաշիվներում եւ ավանդներում պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա արգելանք է դնում բանկերին ուղարկվող էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով:

Ընդ որում, հարկադիր կատարողի կողմից էլեկտրոնային հաղորդագրությունն ուղարկվում է բոլոր բանկերին ու համապատասխանաբար, պարտապանի մոտ մեկից ավելի բանկերում դրամական միջոցների առկայության դեպքում պարտապանի դրամական միջոցներն արգելադրվում են բոլոր այդ բանկերում: Արդյունքում՝պարտապանի դրամական միջոցներն արգելադրվում են հարկադիր կատարողի որոշման մեջ նշված գումարից ավելի չափով, քանի որ եթե պարտապանի հաշիվները մեկից ավելի բանկեր են սպասարկում, ապա պարտապանի դրամական միջոցները հարկադիր կատարողի որոշման մեջ նշված չափով արգելադրվում են մեկից ավելի բանկերում:

Այժմ այդ խնդիրը լուծվում է։ ԱԺ պատգամավորներ Գևորգ Գորգիսյանի և Հայկ Կոնջորյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ, որով այդ անհարմարությունը լուծվում է։

Նրանք առաջարկում են «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի 46-րդ հոդվածը լրացնել նոր 2.2-րդ, 2.3-րդ եւ 2.4-րդ մասերով.

«2.2. Պարտապանի մոտ դրամական միջոցների առկայության դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան արգելանք դնելու հաջորդ օրը, էլեկտրոնային հաղորդագրության միջոցով հարկադիր կատարողին տեղեկացնում է պարտապանի դրամական միջոցների վրա դրված արգելանքի չափի մասին:

2.3. Հարկադիր կատարողը սույն հոդվածի 2.2-րդ մասով սահմանված տեղեկությունը պարտապանի հաշիվները սպասարկող բանկի կամ այլ վարկային կազմակերպության կողմից ստանալուց հետո էլեկտրոնային հաղորդագրության միջոցով հանում է այն բանկում կամ այլ վարկային կազմակերպությունում պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա դրված արգելանքը, որն անհրաժեշտ չէ պարտապանի պարտավորության ապահովման համար:

2.4. Պարտապանի կողմից իր պարտավորությունը մասնակի կատարվելու դեպքում հարկադիր կատարողը պարտապանի հաշիվներն սպասարկող բանկին կամ այլ վարկային կազմակերպությանն ուղարկվող էլեկտրոնային հաղորդագրության միջոցով կատարված պարտավորության չափով հանում է պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա դրված արգելանքը:»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել