Մենք ժամանակի ընթացում այնքան ենք խաբվել, որ եկել է պահը հնչեցնելու` «ով ուզում եք եղեք` իշխանություն, թե ընդդիմություն, օրենսդիր, գործադիր, թե դատաիրավական  ... մեզ այլևս չփորձեք տարբեր ֆորմատներով և տարբեր հարթության մեջ խաբել, մեկ է, ոչինչ չի ստացվելու»: Գիտեք, արդեն մեզ համար վիրավորական է դառնում անընդհատ հրապարակավ հնչեցնելը, որ մեզ խաբում են` խաբում են պատգամավորները, խաբում են իշխանությունները, խաբում են օլիգարխները: Այս հարցը պետք է վերջնականապես փակել, իսկ դրա համար մեզ անհրաժեշտ են այնպիսի օրենքներ, որ նույնիսկ ցանկության դեպքում գոնե գործադիր իշխանության հարթության մեջ խաբել, անհիմն հուսադրել բառերը իսպառ վերանան մեր խոսակցականից: Երբ չինովնիկը մեզ խաբում է, դա ոչ այլ է, քան վկայություն մեր անզորության: Այո´, անզորության, հիշեք՝ հզորին երբեք չեն փորձում խաբել, քանզի դա վտանգավոր է խաբողի համար: Մենք պետք է հասնենք գիտակցության այն աստիճանի, որ ինքը՝ խաբողը, հասկանա, որ կորցնել մեր, այսինքն՝ ժողովրդի վստահությունը հավասարազոր է կորցնելու ամեն ինչ... Այսինքն՝ եթե պատգամավորի թեկնածուն ընտրությունից առաջ խոսք է տալիս, որ ընտրվելուց հետո կանի ամեն ինչ մեզ համար, իսկ ընտրվելուց հետո նույնիսկ չի բարեհաճում գալ ԱԺ, որպեսզի պաշտպանի մեր շահերը, դա նշանակում է, որ նա մեզ ուղղակի հիմարի տեղ է դրել: Սա ոչ միայն նշանակում է խաբել մեզ` իրենց ընտրողին, այլև սա վեր է սովորական խաբեբայությունից, սա կատարյալ ցինիզմ է, որը հանդուրժել մենք իսկապես իրավունք չունենք: Եվ ամենակարևորը, որը մենք պետք է հասկանանք՝ երբ գողանում են պետությունից, դա պետությանը չեն խաբում, դա մեզ են խաբում, քանզի պետությունը մենք ենք: 

Հ.Գ –Եվ հիշեք՝ կյանքը բումերանգ է, և Աստված մի արասցե, որպեսզի ժողովրդի մտքով անցնի սկսել ձեզ խաբել, այ այդ ժամանակ ...

replik.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել