Հերացու անվան փողոցից դեպի Նորք տանող ճանապարհին մի ծառ կա՝ Չինարի ծառ:
Համր ու խոնարհ, գլուխը կախ, բազմաթիվ գաղտնիքներ իր մեջ պահած այդ անխոս վկան ամեն անգամ զարմացնում է իր վայրենի գեղեցկությամբ:
Չինարի ծառ…
Բավական է մոտենալ, շոշափել նրա բունը, ու նա կխոսի քեզ հետ, կպատմի ինչ որ գիտե ու ավելի կխոնարհի իր՝ առանց այն էլ կախած ճյուղերը:
* * *
Ծառի բնին հենած Մերիի մեջքը ծիծաղելուց դողում է:
- Ինչո՞ւ ես ծիծաղում, ամեն ինչ պետք է փչացնե՞ս:
- Կերար շրթունքներս, մի՞թե այդպես համբուրվում են, տանն ի՞նչ եմ ասելու, եթե շրթունքս ուռի:
- Ի՞նչ է, Վաչեն ավելի լա՞վ է համբուրվում, քո այդ դեպուտատի տղան, տանը կասես՝ նրա հետ ես եղել, և մայրդ չի բարկանա:
- Հիմա՛ր, ատում եմ քեզ:
Չինարի ծառից հեռացան տարբեր ճանապարհներով:
Ավելի ճիշտ առանց ետ նայելու հեռացավ Մերին, իսկ Գարիկը նայում էր նրա ետևից:
Չդիմացավ:
- Երեկոյան ժամը ութին, էլի այստեղ, մեր ծառի մոտ:
Մերին շուռ եկավ, ձեռքով թափահարեց որպես հաշտության նշան ու անհետացավ ճանապարհի ոլորանում:
Չինարի ծառ,ը մեղմ շարժելով ճյուղերը, շշնջում էր.
-Կինը միշտ Սիրում է, իսկ տղամարդը միշտ սովորում է Սիրել…
Դու էլ կկարողանաս սիրել, երբ քեզ վարակեն Սիրով, իսկ դա կարող է անել միայն Կինը:
Ոչ այսօր, միգուցե վաղը, միգուցե որոշ ժամանակ անց:
Բայց անպայման Նա քեզ կսովորեցնի Սիրել:
* * *
Երեկոյան ինչպես միշտ հավաքվեցին Չինարի ծառի մոտ:
Վաչեն բաց կանաչ գույնի «Մազդա» մեքենայով էր: Նույն գույնի էլ վերնաշապիկ էր հագել:
Վաչեի կողքը Մերին էր նստած, մանուշակագույն շորով:
Մեքենայի ետևի նստարանին Աստղիկն էր, Գոհարը, Արսենը:
- Գարի՛կ, էլ տեղ չկա, մի մեքենա կանգնեցրու Արթուրի ու Հասմիկի հետ իջեք Շրջանային, եթե փողդ չհերիքի, ես տեղում կլինեմ, կտա՛մ:
«Մազդան» հեռացավ առանց պատասխանի սպասելու՝ փոշու մեջ թողնելով Արթուրին, Հասմիկին ու բարկությունից ատամները սեղմած Գարիկին:
- Գա՛ր, բանի տեղ մի դիր, լպիրշի մեկն է, համ էլ գիտես, որ հիմարի մեկն է, բայց թե ինչո՞ւ Մերին չիջավ մեքենայից…
Հասմիկը զգույշ բռնեց Գարիկի թևը:
- Ոչինչ, մենք էլ ոտքով կիջնենք, ման գալով,- գլուխը հենեց Գարիկի ուսին:
Գարիկը թևն ազատեց:
-Արթու՛ր, կարծես տաքսի է գալիս, կանգնեցրու՛:
Չինարի ծառը օրորում էր ճյուղերը:
Բարձրացրած աչքերով ճանապարհ էր դնում տաքսու մեջ տեղավորվող ընկերներին:
Աստված իմ, ինչպիսի համբերությամբ պետք է մարդ օժտված լինի, որ կարողանա սիրած էակի մոտ տանել նման արհամարհանքը, ոչ «տղամարդկային» քայլն ու կարողանալ տիրապետել իրադրությանը:
Չինարի ծառը հավաքեց ճյուղերն իր շուրջը ու փորձեց ամոթից թաքնվել իր իսկ ճյուղերի տակ – չստացվեց:
* * *
- Պատվիրում ենք ինչ ցանկանանք, սա պապայիս սրճարանն է, դե նաև իմը: Ամաչել չկա՛, համ էլ բոլորս պատրաստ, ես հայտարարություն ունեմ:
- Դե լա՛վ, թող հանգիստ քեֆ անենք, հայտարարության ժամանակը չէ, - Արթուրը տեղավորվեց սեղանի մոտ ու վառեց ծխախոտը:
- Երբ ես եմ խոսում, քո նմանները պետք է սսկվեն, դու չգիտե՞ս ինչ է:
- Չհասկացա՛, արա դու ո՞վ դառար:
- Լա՛վ, լա՛վ, վերջացրեցինք, կատակ էր, անցա՛վ,- Աստղիկը մոտեցավ ու ձեռքը դրեց Արթուրի ուսին:
Մերին գլուխը կախ նստած էր ու զգում էր Գարիկի հայացքը, բայց չէր բարձրացնում աչքերը:
Կարծես մի ինչ-որ բան էր կատարվել այդ ընկերական շրջապատում:
Ինչ-որ մի չար ձեռք խաչ էր քաշել ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ վրա, ու քանդվում էր տարիներով կառուցված մի հսկա պատնեշ:
Հարկավոր էր մի՛ պահ, մի՛ ակնթարթ, որ ամեն ինչ պտտվեր իր առանցքի շուրջն, ու ամեն բան ընկներ իր տեղը:
- Ուշադի՛ր, ուրեմն, մոռանում ենք ամեն ինչ, ես ամուսնանում եմ Մերիի հետ,- Վաչեն ձեռքը տարավ ու ծոցագրպանից հանեց մատանու մի կարմիր տուփ: Այս տուփի միջինը, Մերի, արժե ձեր ամբողջ տան գինը, սա քո՛նն է: Դու իմն ես լինելու, այդպես ենք որոշել ընտանիքով:
Մերին վեր թռավ տեղից ու անզգուշերեն դիպավ շամպայնի շիշ բերող մատուցողուհուն, որի ձեռքի մատուցարանից շիշն ընկավ հատակին ու կոտրվեց:
Հարկավոր էր մի՛ պահ, մի՛ ակնթարթ, որ ամեն ինչ…հակառակ դեպքում այս ունայնությունը, որը կապ չունի մարդ արարածի հետ, վերջ չի ունենա:
Ունայնություն, որը սխալմամբ կոչում են Կյանք:
Բայց կյանքը Սերն է, որը լռել չգիտի, սպասել չգիտի, հաճախ չգիտի գտնել հարցն ու պատասխանը…
Սերը չգիտի, որ հարցը միշտ առաջնային է:
Երբ կա հարց, կա նաև պատասխան, որը տալու համար երբեք պետք չէ շտապել:
Պետք է սպասել սովորել՝ վստահելով քո պատասխան փնտրտուքին:
Հարկավոր էր մի պահ, մի ակնթարթ, որ…
Կոտրված շամպայնի շիշը հայտնվեց Գարիկի ձեռքում:
Հետո իրարանցում, լաց ու բղավոցներ, հայհոյանք ու շտապ օգնության մեքենա:
Հետո Գարիկի ձեռքում հայտնված Վաչեի բզկտված բաց կանաչ գույնի վերնաշապիկի թևքը:
Հետո ոստիկանություն, դատարան, ազատազրկում…
* * *
- Կամուսնանաս Վաչեի հետ և վերջ, այդ հանցագործին էլ մոռացիր, ես նրան աղջիկ տվող չեմ: Չե՞ս հասկանում, թե ինչ ընտանիք ես մտնելու:
- Պապ, ի՞նչ հանցագործ, դու գիտես, որ…
- Վե՛րջ, էլ չլսեմ, Աստված գիտե, թե երբ է ազատվելու ու ինչ կարգավիճակով:
- Երկու ամսից, բան չի մնացել:
- Դու որտեղի՞ց գիտես, չլինի թե նամակ կամ…
Մայրը սենյակից դուրս եկավ:
Մերին գլուխը կախեց:
Երբ մայրը սենյակ մտավ, ձեռքում մի կապոց նամակներ էին:
- Բա դու գետինը չե՞ս մտնում, այ աղջի, բա այսքանից հետո կարելի՞ է այդ ապուշի հետ կապ պահպանել, ես Վաչեի մայրիկից եմ իմացել, որ նամակները գրվում, ուղարկվում ու ստանում ես Աստղիկի միջոցով: Սպասիր մի ես նրա մորը հանդիպեմ:
- Մամ, ձեզ ի՞նչ է եղել, ինչո՞ւ եք խառնվում:
Հայրը, որ նամակներն էր վերցրել ձեռքը, մոտեցավ ու ապտակեց աղջկան:
- Մարիա՛մ,- դիմեց կնոջը,- մի այս սրիկայի գրածը նայիր, մի տես թե ինչ է գրում. «Եթե ինձ սպասելու ես, ապա Չինարի ծառից մի շորի կտոր կկախես, ես կհասկանամ, ես ամեն ինչ կհասկանամ»…
Մերին վազեց ու փորձեց նամակը խլել հոր ձեռքից, բայց բռունցքի հարվածից ընկավ գետնին:
* * *
Գարիկը մոտեցավ հրապարակում կանգնած մի ավտոբուսի:
- Երևա՞ն ես գնում, հոպա՛ր:
- Հա՛, բայց սա ուսանողների համար է, անվճար, այ այն կողմը գնա, տեսնո՞ւմ ես «Պազիկը»:
- Մոտս փող չկա, բայց հո չե՞մ մնա այստեղ:
Վարորդն ավելի ուշադիր նայեց տղային:
Երևի հասկացավ:
- Նստիր վերջում, ձայն չհանես, չծխես, մինչև Շրջանային կտանեմ, երկա՞ր ես նստել:
- Տարի ու կես, մեկ տարի շուտ եմ ազատվել:
Ավտոբուսը լցվեց ուրախ, անհոգ, ժպտացող դեմքերով, ուսանողներով:
Նրանք գիտեին, որ այս կյանքում, ներկա պահին, նրանց է սպասում գորովալից երևանյան արևը, աշխույժ ու ծիծաղով լեցուն երազանքները:
Սիրում էին
Սիրված էին:
Ավտոբուսը լցվեց երջանկությամբ:
Նրանց բոլորի դեմքերը կարծես բղավում էին. եղեք երջանիկ, բոլորդ, տեսեք, թե ինչքան լավ է, երբ երջանիկ ես….
Նրանց ամեն մի ուրախ բառից կամ կատակից Գարիկի դեմքը ծամածռվում էր:
Դառնում էր ավելի մռայլ ու մտածկոտ:
Մազերը պոչիկներ կապած մի աղջիկ շուռ եկավ դեպի Գարիկը:
- Դու ո՞ր ինստիտուտից ես, մեր քաղաքից էլ չես, քեզ չենք ճանաչում:
Ձայն չհանեց:
Բոլորը կարծես միանգամից թեքվեցին ու նայեցին:
- Որտե՞ղ ես ապրում, - չարաճճի աղջիկը ձեռք չէր քաշում:
- Չգիտե՛մ,- Գարիկը փորձեց ժպտալ:
- Դու իմ սրտում ես, միշտ այնտեղ ես եղել,- մի ուրիշ աղջիկ, որը շատ կարճ էր հագել, մոտեցավ ու նստեց Գարիկի կողքը:
Ավտոբուսը թնդում էր ծիծաղից:
Վարորդն էլ քթի տակ ծիծաղում էր:
- Միգուցե ամուսնացա՞ծ ես, ես կխեղդեմ նրան, այ այսպես,- մեկ ուրիշը մտավ դերի մեջ ու մատները պարզած մոտեցավ Գարիկին:
Գարիկը չհասկացավ, թե ինչպես սկսեց պատմել…
Չինարի ծառի մասին:
Մերիի մասին:
Վաչեի մասին:
Հետո պատմեց, թե ինչպես է սիրել, հետո…
Ավտոբուսում մեռյալ լռություն էր:
Ակնոցներով մի տղա հարցրեց:
- Բա հիմա, ի՞նչ, ո՞ւր:
- Չգիտեմ, հասնեմ մինչև Չինարի ծառը, այնտեղ էլ կերևա:
Երևան հասնելուն մնում էր մի քանի կիլոմետր:
Բոլորը կարծես ուշադիր հետևում էին կիլոմետրերը ցույց տվող ճանապարհի սյուներին:
Ամեն մեկն իր մտքի հետ էր:
- Հասանք, երեխեք, իջե՛ք: Տղա ջան, քեզ էլ հաջողություն:
Ոչ ոք չէր շարժվում տեղից:
- Մեսրոպ քեռի, հեռո՞ւ է այդ Չինարի ծառը:
- Դու Հայրոյի աղջի՞կն ես, չէ, չէ, այնքան էլ հեռու չէ, ինչո՞ւ ես հարցնում:
- Կտանե՞ս… Խնդրում ենք, ես երկու հազար ունեմ, կտամ:
Աղջիկը գլուխը կախեց:
- Տա՛ր…
- Տա՛ր…
Մեքենան բարձրանում էր Նորք տանող ճանապարհով:
Ավտոբուսի ներսը կարծես օդն էլեկտրականացվել էր ու սպասում էր մի կայծի:
- Հաջորդ ոլորանից հետո ծառն է, - վարորդը նույնպես անհանգիստ ու կարծես մեղավոր նայեց շուրջը:
Գարիկը փակել էր աչքերը:
Հանկարծ ավտոբուսում կարծես թե ռումբ պայթեց:
Բոլորը թռան նստած տեղերից ու աղմուկ աղաղակով նետվեցին դեպի Գարիկը:
Գարիկը ոչինչ չէր հասկանում:
Աղջիկները չորս կողմից համբուրում էին Գարիկին:
Բարձրացավ տեղից ու նայեց դեպի Չինարի ծառը:
Ծառի համարյա բոլոր ճյուղերին փաթաթված էին բաց մանուշակագույն լաթի կտորներ:
Չինարի ծառը ողջունում էր իր վաղեմի ընկերոջը…
Չինարի ծառի շուրջը խելագար մի պար էին բռնել ուսանողներն ու չէին նկատում Գարիկի աչքերից կաթացող արցունքի կաթիլները…
* * *
Խանութ մտան երկուսով:
- Մի քանի բան է մնացել, Գար ջան, գնենք ու գնանք, չնայած քո առաջին աշխատավարձից բան չմնաց:
- Մերի, չե՞ս հոգնել, մնացածն էլ վաղը կգնենք:
- Մնացել է շաքարավազը, չէ՞ որ դու սուրճը դառը չես խմում:
Մերիի հայացքը գամված մնաց դիմացի բաժնին:
- Դե արագացրու, մթերայինը աջ կողմում է:
Մերին ձայն չէր հանում:
Գարիկը նայեց այն ուղղությամբ որ ուղղությամբ որ Մերին էր նայում:
Թափանցիկ տուփի մեջ երևում էր բաց մանուշակագույն մետաքսե ներքնազգեստ:
Գարիկը մոտեցավ:
- Ի՞նչ արժե այն,- ձեռքը պարզեց դեպի տուփը:
- Չորս հազար,- վաճառողուհին զարմացած ու մեղավոր նայում էր:
- Տվեք, վերցնում ենք, Մերի փողը տուր, ի՞նչ եղավ քեզ, ինչո՞ւ ես քարացել:
Մերին անխոս մոտեցավ ու ձեռքերով փաթաթվեց Գարիկին:
Հիշեց, թե ինչպես էր գիշերով պատառոտում իր ներքնազգեստը Չինարի ծառի ճյուղերից կախելու համար:
- Սա վերջին փողն է, կմնանք առանց շաքարավազի, չէ՞ որ դու դառը սուրճ չես սիրում:
Չինարի ծառը, մեղմ շարժելով ճյուղերը, շշնջում էր.
«Առավոտյան սուրճը դառը չի լինում, եթե խմում ես քո սիրելի մարդու ձեռքից, համբույրների ընդհատման ժամանակ»:
Վերջաբան
Ծերունու ձեռքերում թափանցիկ տուփ էր:
Մերիի ներքնազգեստը:
«Այդպես էլ Մերին չհագավ, միշտ ասում էր հատուկ դեպքերում կհագնեմ ու ծիծաղում էր:
Հիմա սրանից հետո էլ ի՞նչ հատուկ դեպք»:
Բացեց տուփը:
Զգույշ վերցրեց ներքնազգեստն ու մոտեցավ սեղանին:
Մետաքսե ներքնազգեստը տեղ գտավ մնացած այլ իրերի հետ, որ բերել էին թաղման բյուրոյի աշխատակիցները:
«Ոչինչ պետք չէր պահել հատուկ օրվա համար, քո հետ անցկացրած ամեն մի ժամ, րոպե, վայրկյան հատուկ պահեր են եղել, հատուկ դեպքեր»:
Կնոջ բարձի տակ գտավ մի ծրար:
Ծրարում երկու նամակներ էին՝ մեկը բանտից իր գրած նամակն էր, որտեղ գրված էր իր ազատման օրը, Չինարի ծառից լաթի մի կտոր կապելու գաղափարը, մյուսը՝ Մերիի գեղեցիկ ձեռագրով գրված տողերը.
«Սիրելիս, այս երկու նամակներն էլ կթաղես Չինարի ծառի տակ, չտխրես առանց ինձ, առանց ինձ ապրածդ բոլոր տարիներն էլ կլինեն ավելի հատուկ:
Ոչինչ մի ափսոսա, արա այնպես, ինչպես խիղճդ կթելադրի…»:
Չինարի ծառն իր արմատների հարևանությամբ ընդունեց երկու նամակներն էլ ու կախեց հոնքերը:
Չինարի ծառը լալիս էր…
«Գնա, մարդ արարած, քանի որ ես ինքս չգիտեմ, թե ինչ կարող էր անել քո կինը՝ իմանալով, որ էլ չի լինելու քո կողքին…
Ես կրկնում եմ՝ ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե ինչ-որ հատուկ պահ է ապրելու համար»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել