«Գրիգորի Այվազյանը կարող է Ադրբեջանի նախագահական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել, եթե գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի հանձնման գործընթացը ճիշտ կատարվի՝ սահմանադրական նորմերին համապատասխան»,-հայտարարել է Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամլո քարտուղար Ազեր Սարիևը՝ մեկնաբանելով Ադրբեջանում նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին «Ադրբեջանի հայերի ասամբլեայի» նախագահ Գ. Այվազյանի հայտարարությունը:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ. Ես չգիտեմ, կկարողանա՞ գրանցվել Գրիշկա Այվազյանցը որպես նախագահի թեկնածու, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Ադրբեջանում ևս պարտադիր է այդ երկրի քաղաքացիության 10-ամյա ժամկետը, սակայն ինձ այլ մի բան է հետաքրքրում: Մասնակցելով ընտրարշավին որպես ԱՀ նախագահի թեկնածու՝ Այվազյանցը, բնականաբար, պիտի խոսի Ադրբեջանի խնդիրների, այդ երկրի բարեկեցությանն ուղղված իր ծրագրերի, մարդկանց սոցիալական վիճակի բարելավման և այլնի մասին: Չապրելով Ադրբեջանում՝ ինչպե՞ս է այդ մարդը պատկերացնում իր ծրագիրը: Կամ, ցանկանալով նոր ու ապահով կամ երջանիկ Ադրբեջան, արդյո՞ք չի ստացվում, որ 25 տարի ապրելով Հայաստանում, օգտվելով հայաստանցու բոլոր իրավունքներից, ստանալով հայաստանյան սնունդ, այս մարդն այդպես էլ հայ չի դարձել և 25 տարի շարունակ իր էության մեջ պահել է ադրբեջանահայի կեղծ սինդրոմը, միշտ ձգտել լինել ազերիներով շրջապատված... Հայաստանը, ուրեմն, այս մարդու համար երբեք էլ հայրենիք ու տուն չի դարձել, նայելով Մասիսին` այս մարդը տեսել է Խազարը, Սևանա լճի ափին գտնվելով` տեսել է Գյոյ-գյոյի ջրերը... Բարև ասելով` մտքում շշնջացել է` սալամ... Ու մենք հիմա, մեր լրագրողական հորթային հրճվանքով, անդրադառնում ենք այս մարդու հայտարարություններին ու ցանկություններին... Հետևաբար, ի՞նչ տարբերություն այս մարդու և թուրքական մեջլիսում ամենամոլի հակահայկական ելույթներ ունեցող այն պատգամավորի միջև, որն իր արմատներով հայ է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել