![]() |
| Քաղաքական մեկնաբան |
Լրատվամիջոցներում բանակի ու բանակում գրանցվող միջադեպերի մասին նյութերի պակաս, կարծես թե, չի նկատվում, սակայն շատ կարևոր է, թե ինչպիսի կտրվածքով է վերլուծվում այս կամ այն միջադեպը, քանզի առանց դրա անհնար է կոնկրետ գնահատական տալ առհասարակ բանակում տիրող իրավիճակին:
Մի կողմից, շատ կարևոր է, երբ մամուլը կամ իրավապաշտպանները բացահայտումներ են անում կաշառակեր չինովնիկների կամ միջադեպեր կոծկող իրավապահների վերաբերյալ:
Մյուս կողմից, անհասկանալի է, երբ առկա բացասական հոսքի ներքո փորձ է արվում դաշտ նետել նաև տեղեկություններ, որոնք ոչ միայն իրականությանը չեն համապատասխանում, այլև բանակին կամ երրորդ անձի վարկաբեկելու խնդիր են լուծում:
Օրինակ՝ Սաքունցն այսօր հայտարարեց, որ «բանակում գրանցված մահերի վերաբերյալ տեղեկությունների ընդամենը 5 տոկոսն է հասանելի դառնում հասարակության լայն շրջանակներին»:
Շատերս, մտահոգված լինելով խաղաղ պայմաններում զինծառայողների՝ մահվան ելքով միջադեպերով, այնուհանդերձ, գիտակցում ենք, որ ներկայիս իրողությունների պայմաններում անհնար է հանրությունից գաղտնի պահել բանակում մահվան ելքով միջադեպերի 95 %-ը:
Մյուս կողմից, դժվար է ադեկվատ պատասխան պահանջել այնպիսի իրավապաշտպաններից, ովքեր դրսում կարող են հայտարարել, որ Հայաստանը խախտում է «Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի» դրույթները, կամ դժգոհեն, որ Հայաստանի քաղաքացիները «անօրինական» կարգով ժամկետային ծառայություն են անցնում Արցախի բանակում:
Արժե մի պահ կանգ առնել ու մտածել. ի՞նչ ծառայություն ենք մատուցում ինքներս մեզ ու պետությանը, և ինչին են ծառայում մեր հայտարարությունները:




