Մեր օրերում գրեթե բոլոր կանայք էլ շպարվում են՝ մեկը՝ մի քիչ շատ, մյուսը՝ մի փոքր ավելի քիչ։ Անհերքելի է նաև այն, որ բազմաթիվ կանայք հենց շպարով էլ քնում են՝ առանց մտածելու այդ բացասական սովորության վտանգավոր հետևանքների մասին։ Վառ օրինակ է ավստրալացի այս կինը, թե ինչու երբեք ու ոչ մի դեպքում չպետք է դիմահարդարմամբ անկողին մտնեք։

Թերեզա Լինչը 25 տարեկան էր, երբ սկսեց շպարվել, իսկ հիմա արդեն 50 տարեկան է։ 25 տարի շարունակ գրեթե ամեն օր նա թեթև շպարվում էր՝ հատկապես թարթչաներկով հարդարելով թարթիչները։ Այսքան տարի նա շատ հաճախ առանց շպարը մաքրելու է քնել, որի հետևանքները միայն հիմա է զգում։ Արդեն տևական ժամանակ է, ինչ Թերեզան աչքերում տարօրինակ բան էր զգում․ կարծես ինչ-որ բան ընկած լիներ նրա աչքի մեջ։ 

Հուսահատ կինը որոշեց այցելել բժշկի, որպեսզի պարզի՝ ինչն է այդ տարօրինակ զգացողության պատճառը։ Նրան հետազոտելուց հետո բժիշկներն ուղղակի ապշած էին։ Թերեզայի կոպերի ներսի հատվածում սև բշտիկներ էին առաջացել, որոնք արդեն միաձուլվել էին կոպի հետ և միաձուլվել մաշկին։

«Կարելի է ասել՝ նրա օգտագործած թարթչաներկը դաջվածքի էֆեկտով այսքան տարիների ընթացքում դաջվել է կոպերի վրա։ Իսկ այդ բշտիկներն աչքերն ամեն անգամ թարթելիս քերել են նրա աչքերը՝ պատճառելով անհարմարություն»,- պատմել է բժիշկը։

Բժիշկները ստիպված են եղել ավելի քան մեկ ու կես ժամ տևողությամբ մի քանի պրոցեդուրաներ անել Թերեզայի հետ սև գնդիկները հեռացնելու համար։ Նաև պարզվել է, որ նրա օրգանիզմում կոպերի միջոցով անցած վարակ կա, որը, սակայն, խիստ վտանգավոր չէ կյանքի համար։

Այս անսովոր դեպքին հանդիպելուց հետո բժիշկները հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով բոլոր կանանց քնելուց առաջ լվանալ շպարը։ Այո, ընդամենը մեկ օր շպարով անկողին մտնելը հազիվ թե որևէ վնաս հասցնի ձեզ, սակայն շատերի մոտ հենց մեկ անգամից էլ սա դառնում է վատ սովորություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել