Armsport.am-ը գրում է.

Եվրոպայում շարունակում են ակտիվորեն քննարկել «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ստացած կարմիր քարտը: Հարձակվողը «Վալենսիայի» հետ խմբային փուլի առաջին խաղում հեռացվել էր դաշտից՝ Մուրիլյոյի նկատմամբ ոչ սպորտային պահվածքի համար:

Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, խաղացողի նկատմամբ ՈւԵՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել, որը կքննի սեպտեմբերի 27-ին:

Այդ օրը պարզ կդառնա, թե քանի խաղով է որակազրկվելու պորտուգալացին: Թուրինյան ակումբը դեռ հնարավորություն ունի բողոքարկելու այն վճիռը, որը կընդունվի ՈւԵՖԱ-ի կողմից:

Իտալացի հայտնի լրագրող Տանկրեդի Պալմերին հայտնում է, որ Ռոնալդուն կորակազրկվի միայն մեկ խաղով և բաց կթողնի միայն «Յանգ Բոյսի» հետ հանդիպումը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կայանալիք մրցավեճին կկարողանա մասնակցել: Լրագրողն իր Twitter-ի էջում գրել է.

«Ռոնալդուն հնարավորություն ունի խաղալու «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Ամեն ինչ կախված է հանդիպման մրցավարի զեկույցից: Բրիխը (հանդիպման մրցավար-խմբ.), ընդմիջմանը նկատած կլինի, որ Ռոնալդուն միտումնավոր խախտում չի արել և զեկույցում չի նշի այդ մասին՝բավարարվելով միայն ընդհանուր խոսքերով»,-գրել է լրագրողը:

Հիշեցնենք, որ հանդիպման մրցավարը դրվագի վերաբերյալ որոշում է կայացրել իր օգնականի հետ զրույցից հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել