Այսօր ֆրանսիական Le Monde-ն անդրադարձել է դեռևս 2015 թվականին ֆրանսիական պետական France 2 հեռուստաալիքի եթերում Cash investigation հետաքննական լրագրողական հաղորդման շրջանակներում լրագրողների կողմից Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներին կատարված անդրադարձին:

Հիշեցնեմ, որ պարբերականն անդրադարձել էր Ադրբեջանին՝ նշելով, թե ինչպես է Ֆրանսուա Օլանդը սեղմում բռնապետ Ալիևի ձեռքը, բացահայտել էին մի քանի ֆրանսիացի պաշտոնյաների, ովքեր հանուն խավիարային դիվանագիտության աչք են փակում Ադրբեջանում մարդու իրավունքների վատթար վիճակի վրա:

Ֆրանսիական պարբերականը պատմում էր նաև, թե ինչպես են Բաքվում հետապնդել իրենց, բռնագրավել նյութերը և ընդդիմադիր գործիչների հետ արված հարցազրույցները, ջնջել դրանք:

Ի վերջո ֆրանսիացի լրագրողները ճիշտ եզրակացության էին եկել` Ադրբեջանն անվանելով բռնապետություն, իսկ Ալիևին՝ բռնապետ:

Դե, Ադրբեջանն էլ իր ինֆանտիլիզմն այս անգամ այնքան էր խորացել, որ լուրջ որոշել էր, որ իրենց զրպարտում են` անվանելով բռնապետություն, ու դատական հայց էին ներկայացրել բոլոր նրանց դեմ, ովքեր այսուհետ իրենց ու իրենց նախագահին նման կերպ կանվանեն: Սա ցինիզմ է, թե ինֆանտլիզմ, իրականության զգացումը կորցրած պետության գործունեություն՝ դեռևս դժվար է հասկանալ:

Այս առնչությամբ Le Monde-ը սեպտեմբերի 19-ին տեղեկացնում է, որ ֆրանսիական արդարադատությունը հաստատել է, որ լրագրող Էլիզ Լյուսետի կողմից Ադրբեջանը բռնապետություն անվանելը չէր կարող հիմք հանդիսանալ դատական գործի համար: Վերսալի դատարանն անընդունելի է համարել Ադրբեջանի կողմից մեղադրանքները՝ նշելով, որ «1881-ի մամուլի ազատության մասին» օրենքը չի թույլատրում օտար պետությանը ֆրանսիական պետության հանդեպ մեղադրանք նախաձեռնել զրպարտության համար:

Նշվում է նաև, որ միայն պետության ներկայացուցիչները կարող են պահանջել փոխհատուցում, եթե նրանք կարծում են, որ վնաս է հասցվել իրենց հեղինակությանը կամ պատվին:

Պարբերականը նաև նշում է, որ «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպության տվյալներով՝ սա առաջին անգամն է, որ օտար պետությունը դատական հայց է ներկայացնում ֆրանսիացի լրագրողի դեմ:

Այս ամենը ևս մեկ առիթ է հարևան երկրի բռնապետին զգուշացնելու, որ Հայաստանի հանդեպ իր հոխորտանքները հնչեցնելուց առաջ հիշի ու ֆիքսի հետևյալը. ինքն այն պետության ղեկավարն է, որը մամուլի ազատության 180 պետությունների սանդղակում 163-երորդ տեղն է գրավում:

Ինչ վերաբերում է Հայաստանի ներքին գործերին, ապա պետք է հստակ ձեզ համար ֆիքսեք մեկ այլ բան ևս. Հայաստանի ներքին խնդիրները մերն են՝ հայերինս:

Մենք այն պետությունն ենք, որ միշտ միասնական ենք մեր ազգային անվտանգության հարցերում: Մեր երկրում իշխանություն և ընդդիմություն ադրբեջանական ճակատում չի կարող գոյություն ունենալ:

Ձեր հետ խոսելիս մենք Հայաստան պետություն ենք և հայ ժողովուրդ: Հայաստանում և Արցախում դուք վաղուց ոչ մի հարց լուծել չեք կարող, իսկ ոչ այդքան հեռավոր ապագայում, վստահ եմ, նաև Ադրբեջանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել