168.am-ը գրում է.

Էլեկտրոնային կոմերցիայի չինական հսկան՝ Alibaba-ն, հրաժարվել է ԱՄՆ-ում 1 մլն աշխատատեղերի ստեղծմանն աջակցելու իր խոստումից՝ Վաշինգտոնի եւ Պեկինի առեւտրական պատերազմի ծավալման ֆոնին: Այդ մասին հայտարարել էհոլդինգի ղեկավար Ջեկ Ման, որի խոսքը սեպտեմբերի 20-ին մեջբերել է «Սինհուա» գործակալությունը։

«Այս խոստման նախադրյալը չին-ամերիկյան բարեկամական գործընկերությունն էր եւ ռացիոնալ առեւտրական հարաբերությունները: Այդ պայմաններն այսօր այլեւս գոյություն չունեն, ուստի մեր խոստումը չի կարող կատարվել»,-գործակալությանը պարզաբանել է մագնատը Հանչժոուում «Alibaba»-ի կորպորատիվ խորհրդաժողովի կողասրահներում:

Այդուամենայնիվ, նրա խոսքով, ընկերությունը չի դադարեցնի երկկողմ առեւտրի առողջ զարգացմանն աջակցելու փորձերը:

Միլիարդատերը նաեւ կարծիք է հայտնել, որ Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ առեւտրական պատերազմը կարող է երկարաձգվել 20 տարի:

Անցյալ տարվա հունվարին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ Նյու Յորքում կայացած հանդիպմանը Ջեկ Ման հրապարակել էր առաջիկա հինգ տարում ԱՄՆ-ում մինչեւ 1 միլիոն աշխատատեղ ստեղծելու Alibaba Group-ի պլանները՝ գոյություն ունեցող առցանց հարթակների միջոցով Չինաստանի ու Ասիայի շուկաներում ամերիկացի ձեռնարկատերերի ապրանքների իրացման գործում նրանց օգնելու հաշվին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել