Երեկ Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Մկրտիչ Արզումանյանի և Սաթենիկ Հախնազարյանի մասնակցությամբ «Հյուսիսային պողոտայի բանտարկյալը» ներկայացման պրեմիերան: Ներկայացման բեմադրող ռեժիսորն Արման Նշանյանն է, պրոդյուսերը՝ Արման Միտոյանը, իսկ հիմքում Նիլ Սայմոնի պիեսն է:

Ներկայացման պրեմիերային դահլիճը լեփ-լեցուն էր, ներկա էին նաև հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները: BlogNews.am-ը ներկայացնում է պրեմիերայի հետաքրքիր դրվագները:

«Հյուսիսային պողոտայի բանտարկյալը» տրագիկոմեդիա է՝ երկու գործողությամբ: Ներկայացման հիմքում մի ընտանիքի պատմություն է։ Ռոբի կերպարում ներկայացող Մկրտիչ Արզումանյանը, երկար տարիներ աշխատելով Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկում, կարողացվել է գնել բնակարան Հյուսիսային պողոտայում, բայց Ռոբին սկսում է նյարդայնացնել քաղաքի կենտրոնի աղմուկը, գիշերվա աղբահանությունը, երեկոյան հարևան ուկրաինացի աղջիկների աղմուկը: Ներկայացումն այս շրջանում Երևանում տեղի ունեցած փոփոխությունների մասին է, այնտեղ կտեսնեք դրվագներ, որոնք բնորոշ են այս շրջանում տեղի ունեցած իրադարձություններին: Բարեկեցիկ կյանքով ապրող ընտանիքի համար շուտով ծանր և նյարդային օրեր են գալիս, Ռոբը կորցնում է իր աշխատանքը:

Իսկ թե ինչպես են հերոսները դուրս գալիս այդ վիճակից, և ինչ հանգուցալուծում է ունենում ներկայացումը, կարող եք ինքներդ դիտել: Ի դեպ, ներկայացման մեջ խաղում են նաև Նաիրա Շահիրյանը, Մարգարիտա Շահվերդյանը և Ռոբերտ Հակոբյանը:

Ներկայացման բեմադրող ռեժիսորն Արման Նշանյանն  է, ով, ի դեպ, առաջին անգամ չէ, որ որպես ռեժիսոր է ներկայանում: Նա նշում է, որ բոլոր նախապատրաստական աշխատանքները մեկ տարի են տևել, արդյունքում փոխանցել են այն ամենը, ինչ ուզում էին ներկայացնել. «Արման Միտոյանն ուզում էր Մկրտիչ Արզումանյանի հետ լուրջ ներկայացում բեմադրել, առաջարկեց ինձ բեմադրել, և հասկացանք, որ Նիլ Սայմոնի պիեսը լրիվ համապատասխանում է: Առհասարակ, նրա պիեսները ժամանակավրեպ չեն, պարզապես մենք պիեսը հարմարեցրինք մեր իրադարձություններին: Նյու Յորքում խնդիրը կարող է այլ լինել, մենք օգտագործեցինք այն, ինչ մեզ մոտ էր տեղի ունենում»,- նշում է Արմանը:

Պրոդյուսեր Արման Միտոյանի խոսքով՝ ուզում էին նոր ձևաչափով աշխատել, և երեքով եկան ընդհանուր հայտարարի, ինչի արդյունքում էլ ծնվեց այս ներկայացումը․ «Ընտրեցինք Նիլ Սայմոնի «Երկրորդ պողոտայի բանտարկյալը» պիեսը, որը հայկական իրականությանն ադապտացնելու գործն արեցին Արտուշ Գևորգյանն ու Վահան Մովսեսյանը։ Անգնահատելի է Արև Պետրոսյանի աշխատանքը, նա զբաղվել է հագուստի և դեկորացիաների ձևավորմամբ։ Ինձ համար միշտ ինչ-որ բան պակաս է, հատկապես առաջին ներկայացմանը, երկրորդ, երրորդ ներկայացմանն ամեն ինչ ավելի լավ կլինի»։

Պարզվում է՝ Մկրտիչ Արզումանյանը վաղուց էր ցանկանում նման դերով հանդես գալ և հատուկ առանձնացրեց ներկայացման պրոֆեսիոնալ թիմին, որի արդյունքում էլ այն հաջողված է համարում. «Ինձ շատ հարազատ է թատրոնը, և այնպես եմ անելու, որ հնարավորինս հաճախ լինեմ թատրոնում: Կարծում եմ՝ հանդիսատեսին ևս հետաքրքր է ինձ այս ձևաչափում տեսնել: Ուրախ եմ, որ աշխատեցի Սաթենիկի հետ, հույս ունեմ՝ ոչ վերջին անգամ»:

Սաթենիկ Հազարյանն էլ անկեղծանում է, որ երբեք մտքով չէր անցնի, որ կարող է աշխատել Մկրտիչ Արզումանյանի հետ, քանի որ, ինչպես նշում է, ժանրային առումով տարբեր դերասաններ են․ «Հուզված էինք և շատ անկեղծ: Այս պիեսը վաղ էր գրված, բայց կին-տղամարդ հարաբերություններն  ու մարդկային պատմությունը երբեք չեն հնանում: Ձեւերը միգուցե փոխվում են, բայց փոխհարաբերությունները միշտ նույնն են: Շատ ուրախ եմ, որ ես Մկրտիչ Արզումանյանի հետ բեմ բարձրացա, նաեւ մյուս գործընկերներիս ու ողջ աշխատակազմի հետ աշխատեցի»,- եզրափակեց դերասանուհին:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել