Բրյուսելում սեպտեմբերի 18-ին տեղի է ունեցել Ֆրանկոֆոն երկրների դեսպանների նիստ, որը նվիրված է եղել Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթաժողովին: Հանդիպումը կազմակերպվել է Բելգիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ՝ ԵՄ-ում ՖՄԿ մշտական ներկայացուցչության և  Բելգիայում Կանադայի դեսպանության հետ համատեղ: Միջոցառմանը մասնակցել են ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանը, Բրյուսելում հավատարմագրված 85 դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և անդամներ:

Բացման խոսքով հանդես է եկել Բելգիայում և Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպան, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար Թաթուլ Մարգարյանը, ով կարևորել է Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախօրեին Բրյուսելում ֆրանկոֆոն համայնքի նմանօրինակ ակտիվ մասնակցությունը հավաքին:

Այնուհետև ՖՄԿ-ում ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը ներկայացրել է ՖՄԿ առաջիկա գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները:

Միջոցառմանը ելույթ է ունեցել նաև ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանը, ով մասնավորապես նշել է, որ Երևանը պատրաստ է առաջիկա գագաթաժողովին, և համոզմունք հայտնել, որ այն կանցնի բարձր մակարդակով և մեծ հաջողությամբ:

Նիստի ավարտին տեղի է ունեցել ընդունելություն և ցուցադրվել Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի XVII-րդ գագաթաժողովին նվիրված տեսաֆիլմը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել