1829 թ. ռուսական արշավախումբը՝ Սանկտ-Պետերբուրգի կայսերական ակադեմիայի անդամ ու Դորպատի համալսարանի պրոֆեսոր Յոհան Ֆրիդրիխ Պարոտի գլխավորությամբ առաջին անգամ նվաճեց Արարատի գագաթը:

Արշավախմբի կազմում Սանկտ-Պետերբուրգից ու Դորպատից չորս ուսանող կար, որոնցից մեկը Խաչատուր Աբովյանն էր՝ հայտնի գրող, արևելահայ աշխարհաբար գրականության հիմնադիր, մանկավարժ, լուսավորական: Ալպինիզմի համաշխարհային պատմության մեջ Յոհան Պարոտն ու Խաչատուր Աբովյանը համարվում են Արարատ առաջին անգամ բարձրացած անձինք:

Առաջարկում ենք ծանոթանալ Պարոտի՝ Մասիս բարձրանալուն նվիրված հուշը:

«Իմ բաղձալի երազանքը՝ սուրբ լեռան գագաթին առավել մոտ գտնվելու, թույլ տվեց ինձ երկար ժամանակ սառչել վանքում: Անամպ ու մաքուր ամպերը ոգևորեցին ինձ, ու ես որոշեցի հենց հաջորդ օրը՝ 1829 թ. սեպտեմբերի 11-ին, ճամփորդություն կատարել դեպի սուրբ գագաթ:

Եվ ահա մենք կանգնած ենք Արարատի գագաթին. 1829 թ. սեպտեմբերի 27, 15 ժամ 15 րոպե:

Իմ առաջնահերթ ցանկությունն ու հաճույքը կլինի հանգիստը: Ծածկոց եմ գցել և պառկել եմ վրան: Գտնվում եմ փոքր-ինչ բարձրադիր, գրեթե շրջանաձև հրապարակում, որը բավականին մեծ է: Հրապարակի սահմաններն ավարտվելուն պես բարձրադիրությունը չքանում է, հատկապես՝ հարավային ու հյուսարևելյան կողմերում: Դա կոշտ, հավերժական սառույցից կազմված, առանց որևէ քարի ու ժայռի կտորի, հնագույն Արարատի արծաթե գագաթն է:

Արևելյան ուղղությամբ գագաթն ավելի կտրուկ է ավարտվում, քան մյուս ուղղություններով: Եվ եթե բարձունքի որևէ հատված համարենք այն վայրը, որտեղ կանգ է առել Նոյի տապանը, ապա դա, անկասկած, գագաթի հարթ տարածությունն է. վերջինիս տարածքն այնպիսին է, որ տապանը, որն, ըստ Աստվածաշնչի, 300 կանգուն երկարություն ու 50 կանգուն լայնություն ունի, կզբաղեցներ այդ հարթ տարածության ընդամենը 1/10 մասը:

Բարձունքից մեծ համայնապատկեր էր բացվում, սակայն հսկայական հեռավորության պատճառով միայն ամենախոշոր զանգվածներն էին հստակորեն տարբերակվում: Արաքսի ողջ հովիտը պատված է մշուշով, որի միջից Էրիվանն ու Սարդարապատն ընդամենը մուգ հետքեր էին երևում:

Հյուսիս-արևելքում նշմարվում է Ալագյազի ատամնավոր գագաթը՝ մեծ քանակությամբ ձնախառն զանգվածով: Արարատին մոտ, մասնավորապես՝ հարավ-արևելքում ու արևմուտքի որոշ հատվածներում, ձգվում է բրգաձև գագաթներ ունեցող մանր լեռների մի շղթա, որոնց միջև ընկած տարածքները նման են նախկին հրաբուխների: Հարավարևելյան ուղղությամբ նշմարվում է Փոքր Արարատը, որի գագաթն այստեղից այլևս նման չէ սովորական կոնի գագաթի, ինչպես երևում է ներքևից: Այն իրենից ներկայացնում է քառագագաթ մակերևույթ:

Իսկ ի՞նչն ինձ ապշեցրեց. այստեղից երևացող Սևանի հսկայական հատվածը: Լիճը՝ կարծես գեղեցիկ, փայլուն հարթավայր, հյուսիսում է, իսկ դրան շրջապատող լեռնաշղթան շատ բարձր է: Ես երբեք չէի պատկերացնի, որ լեռնաշղթայի տակ թաքնված ջրի հայելին տեսանելի է Արարատի գագաթից:

Այսպիսի հիացմունք ապրելուց հետո ես նայեցի իմ ճանապարհային ընկերներին ու նկատեցի հավատարիմ ու ազնիվ Աբովյանի բացակայությունը: Կռահեցի՝ նա խաչն է տեղադրում: Ես առաջարկեցի օգնել ու խաչը տեղադրել հարթ հրապարակի մեջտեղում, որտեղ խաչն առավել ապահով ու արժանի վայրում կլիներ: Սակայն Աբովյանն այդ սուրբ առաքելությունն իր վրա վերցրեց ու գագաթի հյուսիս-արևելքում մի տեղ գտավ, որտեղ ցանկանում էր տեղադրել խաչը: Նա կարծում էր, որ մեջտեղում տեղադրելու դեպքում խաչն անհնար կլինի տեսնել ներքևից:

Ամենայն հավանականությամբ, ընտրված վայրն այնքան էլ լավը չէ, քանի որ պարզ երևում է, որ հաճախակի կրկնվող սառույցների տեղաշարժի արդյունքում մի քանի տարի անց մեր՝ Արարատի գագաթին գտնվելու միակ ապացույցն անվերադարձ կանհետանա:

Գագաթի վրա շուրջ 3 ու քառորդ ժամ մնալուց հետո հարկավոր է մտածել վերադարձի մասին…»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել